Գուցե «Չենք լռելու»-ի անդամները 70 տարեկան «կագեբեշնիկ»-ներ են
«Առավոտը» խմբագրականում գրում է. «Ասացեք խնդրեմ, դուք տեսե՞լ եք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որևէ անդամի դեմքը, դուք գիտե՞ք նրանցից որևէ մեկի անուն-ազգանունը, աշխատելու կամ սովորելու վայրը։ Դուք վստա՞հ եք, որ դա իսկապես երիտասարդական նախաձեռնություն է, գուցե նրանք 70 տարեկան «կագեբեշնիկ»-ներ են։ Ի վերջո՝ դա հասարակական կազմակերպությո՞ւն է, թե՞ լրատվամիջոց, եթե հնարավորություն ունի Արմեն Ջիգարխանյանից բացառիկ հարցազրույց վերցնելու։ Ես կասկածամիտ չեմ, ոչ էլ կողմնակից եմ դավադրության տեսությանը։ Ավելին՝ այդ նախաձեռնության որոշ քայլեր ինձ դուր են գալիս։ Բայց մինչև ես չտեսնեմ, թե ով և ինչի համար է դա անում, ես չեմ կարող այդ քայլերին օբյեկտիվ գնահատականներ տալ: … Ի հակադրություն «Չենք լռելու» նախաձեռնությանը ստեղծվել է (հավանաբար, իշխանության կողմից) «Բանակում ծառայած երիտասարդների» նույնքան անդեմ, որևէ «կենդանի» ներկայացուցիչ չունեցող միավորումը։ Եվ ահա «երիտասարդները» հայտարարել են, որ պատռելու են «չլռողների» դիմակը։ Սիրելիներս, պետք է նախ ունենալ դեմք, որի առկայության դեպքում միայն հնարավոր է դրա վրա ինչ-որ մի դիմակ հագնել»: