Ադրբեջանցի փորձագետ. Բաքվում հաստատված «Մոնաֆեղին» ահաբեկչական կառույցը գործում է Ադրբեջանի ուժային կառույցների համաձայնությամբ
«Բաքվում հաստատված «Մոնաֆեղին» ահաբեկչական կառույցի անդամները գործում են Ադրբեջանի ուժային կառույցների համաձայնությամբ»:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` «Իլղար» շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է ադրբեջանցի փորձագետ Աքեֆ Համիդովը:
Ադրբեջանցի փորձագետը նշել է, որ «Մոնաֆեղին» խմբավորման անդամները, տարբեր միջոցներով շահագրգռելով Բաքվում բնակվող իրանցիներին, փորձում են վերջիններիս միջոցով հետախուզական տվյալներ հավաքել Իրանի վերաբերյալ:
« «Մոնաֆեղին» խմբավորման հետաքրքրության ոլորտում է գտնվում Իրանի Ուրմիա, Արդեբիլ և Թավրիզ քաղաքներում գործող գիտնականների վերաբերյալ տեղեկություններ հավաքելը, որոնք ամենայն հավանականությամբ կօգտագործվեն ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»,-նշված է հոդվածում:
Աքեֆ Համիդովը վերջում հավելել է, որ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին վերջերս Բաքու կատարած այցելության ժամանակ վերոնշյալ ահաբեկչական խմբավորման իրականացրած գործունեության առթիվ խիստ նախազգուշացրել է ադրբեջանցի պաշտոնյաներին: