ԿԳՆ. Հայաստանը համաշխարհային կրթական զարգացումների մասնակից
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների միջազգային կրթական համաժողով` նվիրված բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման գործընթացին, որը անցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ: Համաժողովին մասնակցել են տարածաշրջանի 26 երկրի, ինչպես նաև Վատիկանի ներկայացուցիչները: Եվս 9 երկիր տարբեր տարածաշրջաններից մասնակցել են դիտորդի կարգավիճակով:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, համաժողովը բացել է Ճապոնիայի Կրթության, կուլտուրայի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարը, ով իր խոսքում կարևորել է կոնվենցիայի նշանակությունը բարձրագույն կրթության հետագա զարգացման համար: Համաժողովի ընթացքում ներկայացվել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայի խմբագրված տարբերակը, որի հիմնական նպատակն է որակավորումների ճանաչման թափանցիկ ընթացակարգերի միջոցով անդամ երկրների միջև ակադեմիական փոխհամագործակցության ամրապնդումը:
Հայաստանի Հանրապետությունը ի թիվս այլ 11 երկրների ( Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Թուրքիա, Վատիկան և այլն) ստորագրել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա ամրապնդել գոյություն ունեցող աշխարհագրական, մշակույթային, կրթական, գիտական և տնտեսական կապերը, միաժամանակ պահպանելով կրթական համակարգերի ազգային առանձնահատկությունները, կխթանի մեր երկրների միջև ուսանողների և բուհերի դասախոսական կազմի ներգնա և արտագնա շարժունությունը, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործումը գիտելիքների առաջընթացի համար և բարձրագույն կրթության որակի ապահովումը:
Այսօր մեծ արագությամբ աճող հանրային, մասնավոր, տրանսազգային բուհերի թիվը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը կրթության ոլորտում, առաջ են քաշել նոր տիպի որակավորումների ճանաչման և որակի ապահովման հիմնախնդիրներ: Կարիք է առաջացել ազգային մակարդակներում ներդնել ուսման արդյունքների վրա հիմնված ճանաչման թափանցիկ գործիքներ:
Կոնվենցիան սահմանում է որակավորումների ճանաչման ընդհանուր սկզբունքներ և չափանիշներ, որոնք կարևոր նախապայման են և հնարավորություն են տալիս ստեղծելու արդյունավետ ու թափանցիկ գործիքներ Հայաստանի կրթական ծառայությունները օտարերկրյա քաղաքացիների համար գրավիչ և մրցունակ դարձնելու առումով:
Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիան Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է ՀՀ Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ) տնօրեն Գայանե Հարությունյանը:
Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման տարածաշրջանային կոնվենցիան ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1993 թվականին, որին դեռ այն ժամանակ ի թիվս 21 այլ երկրների միացել է նաև Հայաստանը: Կոնվենցիայի նոր տարբերակում սահմանվել են համագործակցության ավելի արդյունավետ ու գործուն մեխանիզմներ բարձրագույն կրթության համակարգի ակադեմիական որակավորումների փոխճանաչման ասպարեզում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին