Գ. Մինասյան. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիտարկվեն տարբեր հարթություններում
«Ըստ էության, այն պահվածքը, որը դրսևորվում է միջազգային հանրության կողմից մտահոգիչ է: Անթույլատրելի է, երբ հայտարարության մեջ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության մեջ են դիտվում»,- մեկնաբանելով Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթաժողովի շրջանակներում 5 երկրների կողմից հնչած համատեղ հայտարարությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ այդ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Նշելով 2011 թվականի մայիսին Դովիլում իրենց նախագահների արած հայտարարությունը, որը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ավարտին հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները ափսոսանք հայտնեցին, որ կողմերը չկարողացան այդ վճռական քայլը կատարել:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանն իր քայլերով հավատարիմ է Դովիլում տարածված հայտարարությանը՝ ընդգծելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, բազային սկզբունքների վերաբերյալ, հայկական կողմը տվել էր իր համաձայնությունը:
«Ադրբեջանը Կազանում կայացած հանդիպման ժամանակ, բոլորի համար անակնկալ, նոր 10 առաջարկներ ներկայացրեց՝ տապալելով սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու հույսերը»,- ընդգծեց Գ. Մինասյանը:
Պատգամավորը նաև հիշեցրեց, որ դովիլյան հայտարարությամբ կողմերին կոչ էր արվում իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի, սակայն հակառակ այդ կոչերին, Ադրբեջանը շարունակում է իր ժողովրդի մեջ միլիտարիստական տրամադրություններ ներշնչել, ինչպես նաև հայատյացություն սերմանել:
«Այս պայմաններում նման հայտարարություն հնչեցնելն անհասկանալի է: Իրերը պետք է իրենց անուններով կոչել, քանի որ հակառակ դեպքում, հիմնախնդրի կարգավորում դժվար է պատկարեցնել»,- հավելեց նա: