Ադրբեջանի նախագահը «Դու»-ով է դիմում երկրի գերագույն դատարանի ղեկավարին
Անցյալ ամսվա կեսերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի էր ունեցել երկրի Օրուզյան շրջանի դատարանի նոր շենքի բացման արարողությունը: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, միջոցառման ընթացքում տեղի է ունեցել մի շատ հետաքրքրական միջադեպ:
Ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանը, դատարանի շենքի ընդունարանում «բնականաբար» ստեղծվել էր «Ադրբեջանի դատաիրավական համակարգի զարգացման գործում համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և նախագահ Իլհամ Ալիևի ներդրած լումային» նվիրված անկյուն, որտեղից նախագահ Ալիևը տեսակամուրջի միջոցով կապ հաստատելով երկրի գերագույն դատարանի հետ, հարցրել է.
«Ռամիզ դու ինձ լսո՞ւմ ես», ինչին Ադրբեջանի գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաևը պատասխանել է.«Այո, պարոն նախագահ, ես Ձեզ լսում եմ: Թույլ տվեք ինձ բոլոր դատավորների անունից, հայտնել Ձեզ մեր երախտագիտությունը այս գեղեցիկ շենքերի համար, և վստահեցնել, որ ի պատասխան Ձեր որոշման, մենք ամենաբարձր մակարդակով կարդարացնենք Ձեր վստահությունը»:
«Պատմական դրվագը կայանում է հենց այս ամենի մեջ: Գործադիր իշխանության ղեկավար հանդիսացող երկրի նախագահը «Դու»-ով է դիմում երկրի գերագույն դատավորի ղեկավարին, այն է՝ երկրի ամբողջ դատական համակարգի ղեկավարին: Համակարգ, որը հանդիսանում է իշխանության անկախ ճյուղ: Իր հերթին դատական իշխանության ղակավար շնորհակալություն է հայտնում և նշում որ «կարդարացնի վստահությունը»: Սա հստակ նկարագրում է նոր շենքերում տեղակայված դատարանների «անկախությունը»: Թող ուրախանան և Օրուզյան շրջանը, և Ադրբեջանը, և Համաշխարհային բանկը»,- նշում է ռադիոկայանը: