Ազատազրկված լրագրողների քանակով Իրանն առաջին տեղում է
Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը (Committee to protect journalists) հերթական զեկույցում տեղեկացնում է, թե ներկայումս աշխարհում 179 լրագրողներ ազատազրկված են իրենց մասնագիտական գործունեության պատճառով:
Այս մասին հաղորդում է «Լենտա:ռու»-ն:
Տեղեկատվության համաձայն, ազատազրկված լրագրողների քանակով առաջին տեղը զբաղեցնում է Իրանը, որտեղ ճաղերի հետևում գտնվում են 42 լրագրողներ, որոնցից մեծ մասը դատապարտվել է 2009 թ-ին նախագահական ընտրություններին հաջորդած հուզումների ժամանակ:
Ազատազրկված լրագրողների քանակով առաջին տասնյակում են նաև Էրիտրեան, (28 լրագրող), Չինաստանը (27), Մյանման (12), Վիետնամը (9), Թուրքիան և Սիրիան (8- ական), ինչպես նաև Պաղեստինն ու Իսրայելը (7- ական):
Զեկույցում նշվում է, թե ազատազրկված լրագրողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 34-ով, ինչը, ըստ հեղինակների, պայմանավորված է արաբական երկրներում այս տարվա սկզբին տեղի ունեցած հուզումներով:
Նշենք, Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը հրապարակում է իր ամենամյա զեկույցները սկսած 1990 թ-ից: