300-ից ավել միանման հաղորդագրություն Վարչապետի էջում. ոչ մի ուղղակի պատասխան Տ. Սարգսյանից
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Facebook սոցիալական կայքի էջում արդեն երեք շաբաթ է չեն դադարում Սյունիքում ուրանի հնարավոր հանքահանման դեմ բողոքողները: 300-ից ավելի օգտատերեր վարչապետի էջում թողել են հետևյալ հաղորդագրությունը. «Ուրանի հանքի շահագործումը Հայաստանում ցեղասպանություն է խաղաղ պայմաններում: Մենք դեմ ենք Հայաստանում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը»:
Օգտատերերից Տիգրան Շահբազյանը վարչապետի էջում գրել է. «Պարոն վարչապետ Հայաստանը դառավ հանքաստան, ով է պատասխան տալու սրա համար: Մենք ուզում ենք ապրել առողջ միջավայրում, դադարեցրեք բաց հանքերի շահագործումը, ուրանային ծրագրերը, ՀՀ-ի նման փոքր երկրներում չպետք է ուրան շահագործվի»:
«Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Փարսադանյանն էլ գրել է. «Կապանցիները ուրան բառը լսելով խուճապի են մատնվում և նրանց հետաքիր չէ կառավարությունը կամ ազգային ժողովը ինչ իրավական ակտեր են ընդունել: «Թույլ չենք տա» սա է կապանցիների խոսքը»:
Ա.Փարսադանյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռ 2010թ.-ին ստորագրահավաք է կազմակերպվել, որին մասնակցել է 13850 քաղաքացի: Հարցվածների 99%-ը դեմ է արտահայտվել հանքերի հնարավոր շահագործմանը:
Նշենք, որ ֆեյբուքյան իր էջում վարչապետը անուղղակի ձևով երեկ արձագանքել է այդ մտահոգություններին, ինչը, ըստ Ա.Փարսադանյանի, բացարձակ մտահոգությունների հետ առնչություն չունի:
Varchapetifbognakan Pmfbaide օգտատերը Տիգրան Սարգսյանի էջում տեղադրել է Ուրանի հանքի շահագործման մասին ՀՀ էներգետիկայի նախարարության պարզաբանումը, որում, մասնավորապես, նշվում է.
«Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն ՀՀ Սյունիքի մարզում իրականացնում է երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներ` ուրանի հանքաքարի հայտնաբերման նպատակով: Նշված աշխատանքներն իրականացվում են համաձայն «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի երկրաբանահետախուզական աշխատանքների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծի, որը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության և ստացել դրական եզրակացություն:
«Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները համապատասխանում էին երկրաբանական ուսումնասիրությունների դասական չափանիշներին, իսկ հորատման, երկրաֆիզիկական և երկրաբանական դաշտային աշխատանքները իրականացվում էին ժամանակակից սարքավորումներով և մեթոդներով, որոնք կիրառվում են նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ զարգացած երկրներում:
Ինչ վերաբերվում է ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում իրականացվող ուրանի երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքներին, ապա դրանք ավարտվել են և ըստ կատարված երկրաբանական և լաբորատոր աշխատանքների տվյալների` նշված տարածքում ուրանի հանքավայրի առկայությունը չի հավաստվել և չեն հաստատվել ուրանի հանքաքարի պաշարներ: Այսինքն «հանքավայր», որպես այդպիսին, գոյություն չունի, հետևաբար դրա շահագործման մասին խոսելն անհիմն է:
Հարկ է նշել, որ 2011թ. ընթացքում ՀՌԼԿ ՓԲԸ-ի կողմից երկրաբանական որոնողահետախուզական աշխատանքները իրականացվում են այլ անոմալիաների և ուրանի երևակումների շրջակայքում (Լեռնաձոր բնակավայրից մոտ 1կմ հեռավորության վրա), իսկ կատարված դաշտային, լաբորատոր և աշխատանոցային աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը Լիազոր մարմնին կտրամադրվի դրանք ամփոփելուց հետո:
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով ռադիոակտիվ հումքի արդյունահանման ժամանակ բնապահպանականն և բնակչության անվտանգությանը ներկայացվող առանձնահատուկ պահանջները` ՀՀ Ընդերքի մասին նոր օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսված է ռադիոակտիվ հումքի արդյունահանման առանձնահատկությունները սահմանել առանձին օրենքով»:
Ա.Փարսադանյանի խոսքերով` բնականաբար, այս պատասխանը իրենց չի գոհացնում, ուստի մեկ անգամ ևս պահանջում են դադարեցնել ուրանի հետախուզական աշխատանքները: «Քանի որ Հայաստանի Հանրապետությունը համարվում է ժողովրդավարական և իրավական պետություն, պահանջում ենք` քաղաքացիների 99%-ից ավելի կարծիքն հաշվի առնել: Մեր սերունդների առողջությունից թանկ ոչինչ չունենք»,- նշեց «Կայուն զարգացում» ՀԿ-ի տնօրենը` հավելելով, որ ստեղծել են աշխատանքային խումբ, որպեսզի կազմակերպեն իրենց հետագա անելիքները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան