Ուշացած մրցույթ կամ` ինչո՞ւ է դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ներկայանում իբրև նորանշանակ տնօրեն
Մի քանի օր առաջ Panorama.am-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցչի հետ միասին այցելեց Գավառի մանկատուն ու թիվ 1 հատուկ դպրոցը, որտեղ հաստատության խնդիրները մեզ ներկայացրեց դպրոցի նորանշանակ տնօրեն Լարիսա Զազյանը: Սակայն Երևան վերադառնալուն պես բավականին հետաքրքիր հանգամանք ի հայտ եկավ:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքում 07.11.2011թ-ին տեղադրվել է հայտարարություն (այն մինչ օրս նույն տեղում է), որում հայտարարվում է մրցույթ` Գեղարքունիքի մարզի «Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Մասնավորապես նշված է հետևյալը.
«ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գավառի թիվ 1 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար: Փաստաթղթերի ընդունվում են 2011թ. նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ: Մրցույթը տեղի կունենա 2011թ.դեկտեմբերի 9-ին, ժամը 1300-ին, Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում»: Այլ կերպ ասած` դեռ մրցույթը չկայացած հաստատությունն արդեն տնօրեն ունի:
Հարցի պարզաբանման համար դիմեցինք ԱԺ Կրթության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանին, ով նշեց, որ նման իրավունք որևէ մեկը չունի ներկայանալ տնօրեն, եթե մրցույթը չի կայացել` դա անօրինական է: Այնուհետ պատգամավորը հեռախոսազրույց ունեցավ Գեղարքունիքի փոխմարզպետ պարոն Ղուկասյանի հետ, որը ոչ միայն կրկնեց նրա ասածը անօրինականության առումով, քանի որ տիկին Զազյանն ընդամենը տնօրենի պաշտոնակատար է, նաև նշեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և Զազյանն իրավունք չուներ նման կերպ հանդես գալու: Ավելին` պարզվեց, որ տիկին Զազյանի անունը մրցույթին մասնակցել ցանկացողների ցուցակում էլ չկա, կա ընդամենը մեկ թեկնածու, որն էլ Երևանից է: Մի խոսքով` թյուրիմացություն է:
Նշենք, որ մրցույթին մասնակցելու համար թեկնածուն պետք է ունենա դպրոցը կառավարելու և կրթական գործընթաց կազմակերպելու հավաստագիր: Իսկ պաշտոնակատա՞րը.
«Օրենքով պաշտոնակատարների հավաստագիր ունենալը սահմանված չի, բայց տրամաբանությունը հուշում է` ինչ չափորոշիչներ ներկայացվում են տնօրենին, դրանք էլ պետք է ներկայացվեն նաև նրա պաշտոնակատարին: Առավել ևս, որ շատ դեպքերում պաշտոնակատարները երկար ամիսներ են զբաղեցնում այդ պաշտոնը»,- մեզ հետ զրույցում նշեց Ա.Բախշյանը:
Խնդիրը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, միայն Գեղարքունիքին չի վերաբերում ` Երևանում էլ առանց հավաստագրի ժամանակավոր պաշտոնակատարների են նշանակում և որևէ մեկը դրա մասին ոչ խոսում է, ոչ էլ:
Թերևս Գավառի պարագայում էլ ամեն ինչ մնար այնպես, ինչպես կա և տիկին Զազյանը լինի, թե մեկ այլ անձ միջազգային կառույցի ներկայացուցչին, որն այս պարագայում UNICEF-ի հայաստանյան ներկայացուցիչն էր, իրեն թույլ տար հետագայում էլ ներկայանալ որպես տնօրեն: Բայց զուտ պատահականությամբ այդ հայտարարությունը աչքներովս ընկավ, պատգամավորը հարցը բարձրացրեց փոխմարզպետի մակարդակով, ով էլ խոստացավ, որ վաղը կայանալիք մրցույթը կկայանա օրենքի շրջանակում:
Դե իսկ մենք հետևողական կլինենք այս խնդրին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին