Թուրքիայում քաղաքական գործչին հայ անվանելու գործով դատը շարունակվում է
Թուրքիայում շարունակվում է երկրի գլխավոր ընդդիմադիր Քեմալ Քըլըչդարօղլուին հայ անվանած գրող Սուլեյման Յեշիլյուրթի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Յեշիլյուրթը հեղինակել էր «Դերսիմցի հայուհի Յեմուշի տղա, ինժեներ Քեմալ» վերտառությամբ գիրքը, որտեղ ներկայացնում էր Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայկական ծագումը:
Թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը հայտնում է, որ Անկարայի առաջին ատյանի քրեական դատարանում տեղի է ունեցել հերթական դատալսումը, որի ժամանակ Յեշիլյուրթը առարկել է իր դեմ ներկայացված մեղադրանքը, թե իբր անձնական վիրավորանք է հասցրել Քըլըչդարօղլուին:
«Ես այս գրքում վիրավորական ոչինչ չեմ տեսնում,- ասել է Յեշիլյուրթը: -Քեմալ Քըլըչդարօղլուն օրեր առաջ թուրք դատավորներին ու դատախազներին այնպիսի ծանր խոսքեր ասաց, որ ասելու չի: Մինչդեռ իմ օգտագործած «ինժեներ» բառը Թուրքիայում բրենդային համարվող արտահայտություններից մեկն է ընդամենը, որը այս գրքից հետո կիրառում են նաև քաղաքական գործիչները»:
Մեղադրող կողմը դատարանից պահանջում է ազատազրկել Սուլեյման Յեշիլյուրթին: Պետական պաշտոնյայի ինքնությունը վիրավորելու մեջ մեղադրվող Յեշիլյուրթը, եթե մեղավոր ճանաչվի, ապա նրան կսպառնա 1 տարի 2 ամսից մինչև 2 տարի 4 ամսվա բանտարկություն: