Ի՞նչ ձեռք բերեց ՀԱԿ-ը մեկ տարում
Վերլուծելով 2010թ-ի ընթացքում ՀԱԿ գործունեությունը` «Голос Армении»-ն ներկայացնում է այն պատճառները, թե ինչու Կոնգրեսը կորցրեց իր ընտրազանգվածի ահռելի մասը: Երբ մարտի 17-ին իշխանությունների կամքով ՀԱԿ-ը առանց որևէ խոչընդոտի մտավ Թատերական հրապարակ, Կոնգրեսի ղեկավարներն այդ փաստը ներկայացրին իբրեւ իրենց մեծագույն ձեռքբերումներից մեկը: Արդյուքնում ամեն ինչ ավարտվեց Լ. Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի համատեղ պարով, ինչից հետո Կոնգրեսի ղեկավարը հրամայեց հավաքվածներին ցրվել, այնինչ` մարդիկ ցանկանում էին մնալ Թատերական հրապարակում:
Թերթը նշում է, որ այդ պահից սկսած ընդդիմադիր զանգվածի մտածող հատվածը սկսեց հասկանալ, որ իրենք դարձել են ինչ-որ քաղաքական շոուի մասնակից: ՀԱԿ-ի հանրահավաքների մասնակիցների թիվը գնալով սկսեց պակասել. «Զարմանալի է, բայց փաստ է, որ ՀԱԿ-ի հանրահավաքների մասնակիցների թիվը սկսեց պակասել այն պահից, երբ կայացավ Նիկոլ Փաշինյանի և մի քանի այլ համաներում ստացած գործիչների մասնակցությամբ հանրահավաքը»,-գրում է նյութի հեղինակը: Ըստ թերթի` վերջին հարվածը ՀԱԿ-ի հեղինակությանը եղավ Կոալիցիա-ՀԱԿ երկխոսությունից հետո, որը արհեստականորեն դադարեցնելուց հետո ՀԱԿ-ն այլևս չկարողացավ համոզել իշխանություններին կրկին վերսկսել այն, իսկ ութօրյա նստացույցը Թատերական հրապարակում այդպես էլ ոչ մի արդյունքի չբերեց, ավելին` ՀՀՇ-ի մտավորական կազմը համարվող մարդիկ` Ա. Արզումանյան, Ա. Զուրաբյան, Կ. Ռուբինյան և այլն, կամաց-կամաց լքեցին Կոնգրեսը: