Ադրբեջանը փորձում է սիրաշահե՞լ Կրեմլին
Անդրադառնալով ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Է. Մամեդյարովի ելույթին` «Голос Армении»-ն նշում է, որ ադրբեջանական քարոզչամեքենային բնորոշ կարծրատիպերից բացի` վերջինս մի հետաքրքիր արտահայտություն է արել: Մամեդյարովը նշել է, որ մարդու իրավունքների և ժողովրդավարության առումով առաջընթաց արձանագրող Եվրասիական տարածքում չի կարող լինել «բռնազավթում»:
Թերթը գրում է, որ որոշ փորձագետներ, ինչպես օրինակ «Ռեգնում»-ի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, կարծում են, թե Մամեդյարովի այս հայտարարությունը ակնարկ էր Մոսկվային առ այն, թե Ադրբեջանը կարող է անդամակցել Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի փոխարեն: «Բաքուն, ինչպես միշտ, շարժվում է շանտաժի ճանապարհով` չհասկանալով, որ ոչ ոք չի մատուցի իրենց Լեռնային Ղարաբաղը սկուտեղի վրա: Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է լուծել ԼՂ հարցը, ապա նա պիտի դա անի Երևանի և Ստեփանակերտի հետ համատեղ»,-նշում է թերթը և հավելում, որ Կրեմլը երբեք չի գնա նման քայլի նաև այն պատճառով, որ նման հարցերի լուծման համար պետք է լուրջ քաղաքական գործչի համբավ ունենալ, իսկ Իլհամ Ալիևը քաղաքական միջավայրում հայտնի «գցող» է: