Թուրք պաշտոնյայի եւ Գերմանիայի կանցլերի տարբերությունը
«Առավոտն» իր խմբագրականում անդրադարձել է ՀՀ նախագահի ելույթին, որտեղ նա ասել էր, թե իրեն Եվրոպա համարող Թուրքիան մի օր կապաշխարի ցեղասպանության համար: Նախագահը օրինակ էր բերել Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտին, ով գիտակցելով իր երկրի կատարած ոճրագործությունները` ծնկի իջավ Վարշավայի գետտոյում: (Հրեաների գետտոն Վարշավայում կազմակերպել էին ֆաշիստները` Լեհաստանը բռնազավթելուց հետո): Ինչո՞ւ 1970-ին Բրանդտը նման բան արեց: «Նա այդպես վարվեց ոչ հրեաների, ոչ էլ սեփական հաճույքի համար: Կանցլերը դա անում էր բացառապես իր երկրի` Գերմանիայի համար, որովհետեւ հասկանում էր, որ առանց ապաշխարանքի իր երկիրն առաջ չի գնա:… Եվ հիմա Գերմանիան Եվրոպայի տնտեսապես եւ քաղաքականապես ամենահզոր երկրներից մեկն է»,- գրում է թերթը եւ սրան հակադրում թուրք պաշտոնյայի խոսքերը` ապաշխարելու մտքի վերաբերյալ: «…Որեւէ մեկը չի համարձակվի ծնկաչոք անել թուրքերին»,- ասել է Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը` անդրադառնալով ՀՀ նախագահի խոսքերին: Թերթը նկատում է, որ այս խոսքերը վկայում են այն մասին, որ Թուրքիան դեռ չափազանց հեռու է Եվրոպայից եւ Եվրամիությունից: