Ռ. Դեմբեր. «Եթե Ադրբեջանում ամեն ինչ լավ է և թաքցնելու բան չկա, ինչո՞ւ Շտրասերին չեն թողնում երկիր»
Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում առաջընթաց չկա: Այս մասին «obyektiv.tv»-ի հետ զրույցում հայտնել է միջազգային «Human Rights Watch» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալ Ռեյչել Դեմբերը, գրում է «Ազադլիգ» թերթը:
«Ադրբեջանի քաղաքական և դատական իշխանությունը, իրավապահ մարմինները չեն կարող խաբել համաշխարհային հասարակությանը, քանի որ այստեղ բանտերում գտնվող երիտասարդ ակտիվիստները դատապարտվել են իրենց առաջադեմ հայացքների համար: Խոսքի ազատության բնագավառում բարեփոխումների չգնալու հարցում իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը խոսում է Ադրբեջանում առկա մեծ խնդիրների մասին: Օրինակ` Եվրոպայի խորհրդի քաղաքական բանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆեր Շտրասերը մինչ այժմ չի կարողանում սկսել իր պարտականությունները և Ադրբեջանի գծով զեկույց պատրաստել: Եթե այստեղ ամեն բան լավ է, և թաքցնելու որևէ բան չկա, ինչու նրա այցն Ադրբեջան արգելվում է», -նշել է Դենբերը:
Իրավապաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանում քաղաքացիների ունեցվածքի իրավունքների զանգվածային ոտնահարման խնդիրներին: «Ափսոս, որ Ադրբեջանը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության պատրանք է ստեղծում: Դա երևում է նաև ՄԱԿ-ի նման միջազգային կառույցներին Ադրբեջանի ներկայացրած զեկույցներից: Միջազգային նորմատիվներին և չափանիշներին համապատասխան օրենսդրական բազայի առկայության պայմաններում Ադրբեջանում թաքցվում է այն իրողությունը, որ այստեղ օրենքներն անհասկանալիորեն ընդօրինակված են միայն, ինչն էլ 2003 թ-ից սկսած` բերում է մարդու իրավունքների բնագավառում իրավիճակի հետևողական վատացմանը: Միջազգային հանրությունն իրական փոփոխություններ է սպասում», -հավելել է Ռեյչել Դեմբերը: