ՀԱԿ-ը կորցնում է իր գաղափարակիր լրատվամիջոցներին
Հանրային հեռուստաընկերության եթերով ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանի այն հայտարարությունից հետո, թե իբր հերթական ընտրությունները դառնալու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդեպ վստահության հանրաքվե, «Ժամանակ» օրաթերթն իր առաջնորդողում մի հոդված հրապարակեց, որում խորհուրդ տվեց Լ. Զուրաբյանին չընկնել հնացած քաղաքական կարծրատիպերի հետևից և ստեղծել սեփականն ու արդիականը, ինչից հետո ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը հայտարարեց, որ «1in.am» և «Ժամանակ» լրատվամիջոցները որևէ կերպ չեն արտացոլում ՀԱԿ-ի տեսակետներն ու գաղափարները:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է, որ ժամանակին վերոնշյալ լրատվամիջոցները բազմիցս ՀԱԿ-ի գաղափարախոսությունը քարոզող նյութեր են հրապարակել, իսկ սույն լրատվամիջոցների ղեկավար Արման Բաբաջանյանը բազմիցս նշել է, որ Կոնգրեսի գաղափարախոսներից է: Ըստ թերթի` հնարավոր է ՀԱԿ-ում Ա. Բաբաջանյանի մասին այնպիսի բան են իմացել, որ առաջ չգիտեին, և այդ պատճառով հիմա հրաժարվում են նրա հետ համագործակցությունից: Թերթը նկատում է, որ ի պատասխան Մուսինյանի հայտարարության` «Ժամանակ» թերթը հարցազրույց հրապարակեց ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանի հետ, որն էլ գրեթե ոչնչացրեց ՀԱԿ-ին` ցույց տալով ԼՏՊ-ի կողմից ստեղծված կառավարման ավտորիտար ռեժիմը: Թերթը չի բացառում, որ Արման Բաբաջանյանը շուտով կանցնի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հաշվեհամարին: