Հռոմ-Երևան. հավերժական կապեր
Տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոյի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և հայկական պատվիրակության անդամները: Հռոմի քաղաքապետը ՀՀ նախագահին դիմավորեց քաղաքապետարանում: Նշենք, որ Հռոմի քաղաքապետարանի շենքը թե դիրքով, թե տեսքով պատշաճորեն հարիր է Հռոմի պես հնագույն քաղաքին: Նախագահը քաղաքապետարանի Պատվո հյուրերի գրքում թողեց գրություն. «Հավերժ քաղաքին հավերժություն»:
Այնուհետև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Բրասկի թանգարանին կից Նավոնա հրապարակում հայկական խաչքարի ցուցադրության բացման արարողությունը: Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Հռոմի մշակութային ժառանգության հսկողության պետ Ումբերտո Բրոկոլին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Հռոմի քաղաքապետ Ջանի Ալեմանոն:
Խաչքարի տեղադրումը Հռոմի կենտրոնական հրապարակներից մեկում խորհրդանշական էր. այն փաստեց Հռոմեական հնագույն մշակույթի կողմից հայկականի ընդունումը:
Արարողության վերջում UNISEF-ի իտալական դպրոցի երեխաները կատարեցին Հայաստանի ու Իտալիայի հիմները, որն ընդունվեց ժպիտներով ու ծափողջյուններով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրանց նվիրեց Նոր Նորքի մանկատան երեխաների ձեռքի աշխատանքները:
Նշենք, որ իտալական այս դպրոցը և մանկատունը համարվում են «քույր»:
Հերթական հանդիսավոր արարողությունը «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի և Ասիայի միջև» ցուցահանդեսի բացումն էր:
Տեսնել նմուշներ հնագույն Դվին մայրաքաղաքից Հռոմի թանգարանում` պատիվ էր, հպարտություն ու սեփական մշակույթների արժևորում` երկու կողմերից էլ:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 12-15-ը աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն և Վատիկան: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը արդեն հանդիպումներ է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի, Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի, Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ: Ավելի ուշ նախատեսվում է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Ջիանֆրանկո Ֆինիի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլիորիի հետ: Նախագահը օրվա ավարտին հանդիպում կունենա նաև Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Թեմայի մասին` ՀՀ նախագահը հանդիպում կունենա Իտալիայի գործարարների հետ
Սերժ Սարգսյանը Վատիկանում է. առաջին հանդիպումը Հռոմի պապի հետ էր
Իտալիայի նախագահ. Երկու ժողովուրդների մերձեցման համար խոչընդոտներ գոյություն չունեն
Հռոմը դիմավորեց, ինչպես այն… տեսանք
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում