«Իսկական տղեն» ներողություն չի խնդրում կնոջից
«Առավոտն» իր խմբագրականում անդրադարձել է Սյունիքի մարզպետի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը կարճելու փաստին: Թերթի հետ զրույցում մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ գործարար կնոջից ներողություն չի խնդրել` նրան հարվածելու համար: «Ո՞վ է տեսել, որ իսկական տղեն ներողություն խնդրի կնոջն «ապտակելու» (այդպիսի մեղմ ձեւակերպում է կիրառում ՀՔԾ-ն) համար,- գրում է հեղինակը:-Իսկական «լավ տղեն» կկատարի խուլիգանությունը, իսկ հետո վկայի եւ իրավապահների հետ հարցերը կլուծի «գեղական կարգով» եւ կխուսափի պատասխանատվությունից»:
Խմբագրականի հեղինակը նաեւ գրում է. «Ինձ համար ակնհայտ է, որ մարդիկ Հայաստանից գնում են ոչ միայն նյութական ծանր վիճակի, այլեւ հենց նման անհույս, անելանելի, ստորացուցիչ իրավիճակների պատճառով: Մարդիկ չեն ուզում ապրել լիսկաների երկրում` դա, ի վերջո, վիրավորական է»: