Իրանական կայք. Ադրբեջանի պաշտոնյաները նպատակ ունեն մասնատել Իրանը
«Ադրբեջանի պաշտոնյաները նպատակ ունեն մասնատել Իրանը»:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:
«Թաբնաքի» խմբագրականը, անդրադառնալով Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականությանը, հերթով նշում է այն հանգամանքները, որոնք երկկողմ հարաբերությունների վատթարացման առիթ են հանդիսանում. Դրանք են`
• 18 տարեկան իրանցի զինվորը, ով սխալմամբ անցել էր Ադրբեջանի սահմանը, միտումնավոր սպանվեց ադրբեջանցի սահմանապահների կողմից:
• Ադրբեջանի ԶԼՄ-ները, կառավարության հետ համաձայնեցնելով, հակաիրանական քարոզչություն են իրականացնում:
• Ադրբեջանը ցանկանում է դադարեցնել Բաքվում ԻԻՀ մշակույթի կենտրոնի գործունեությունը: Իսկ օրերս Ադրբեջանից վտարվեց Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի բաժանմունքի տնօրենը:
• Ադրբեջանում անցկացված Իրանի մշակույթի օրերի շրջանակներում տեղի ունեցած պաշտոնական հանդիպման ժամանակ Իրանի պետական դրոշը շրջված է դրվել սեղանին:
• Իրանցի գիտնական Ալի Մոհամմադիի նկատմամբ ահաբեկչություն իրականացրած անձը խոստովանել է, որ ահաբեկչությանը նախապատրաստվել է Ադրբեջանի տարածքում:
• Ադրբեջանը հարթակ է տրամադրում «Մոնաֆեղին» և «Փեժակ» ահաբեկչական խմբավորումներին:
Այնուհետեև հոդվածագիրը, քննադատության ենթարկելով Իրանի ԱԳՆ-ին, նշում է. «Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը, մինչև ե՞րբ պետք է երկկողմ հարաբերությունների պահպանման պատրվակով լռություն պահպանի վերոնշյալ հակաիրանական դրսևորումների հանդեպ»:
«Այնուհանդերձ, Ադրբեջանը պետք է մեկ հանգամանքին ուշադրություն դարձնի. հակաիրանական գործողությունների շարունակականության դեպքում կարժանանա Իրանի Իսլամական Հանրապետության կտրուկ պատասխանին»,-եզրափակում է «թաբնաքի» հոդվածագիրը: