Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է Ֆրանսիային
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեջլիսի ամբիոնից դիմել է Ֆրանսիայի խորհրդարանին` ասելով որ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի վավերացումը կնշանակի վերացնել խոսքի ազատությունը և պատերազմ հայտարարել մինչ այդ դավանված արժեքների դեմ:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքի` Դավութօղլուն նշել էր, որ այդ բանաձևի ընդունման դեպքում փաստորեն դոգմա է ձևավորվելու և այլընտրանքային կարծիքի համար տեղ չի մնալու, ինչը հատուկ էր միջնադարին:
«Միջնադարյան այս միտումը, որ նկատվում է Ֆրանսիայում, ամենամեծ վտանգն է Եվրոպայի համար: Ֆրանսիան իրեն համարում է Եվրամիության լուսավորության կենտրոն, բայց եթե այդ օրինագիծը վավերացվի, ապա Ֆրանսիան կդառան միջնադարյան մտածողության առաջամարտիկ»,- ասել է Դավութօղլուն և սպառնացել, որ բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան շատ վճռական պատասխան է տալու Ֆրանսիային:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի սենատի իրավական հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 7-ին ընդունել էր Մարսելը ներկայացնող պատգամավոր Վալերի Բոյերի հեղինակած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը դեկտեմբերի 22-ի լիագումար նիստին դրվելու քննարկման ու քվեարկման: Համաձայն այդ օրինագծի` Հայոց ցեղասպանության հերքումը քրեորեն հետապնդելի է և սահմանված պատիժը 45.000 եվրո տուգանքն է` մեկ տարի ազատազրկմամբ: