«Ցմահ դատապարյալ Մհեր Ենոքյանը շատ ավելի ազատ է, քան մեր շուրջը գտնվող շատ մարդիկ»
Նարեկ Մարտիրոսյան, 5 տարեկան, տառապում է նեյրոլեյկոզով, անհրաժեշտ է հետազոտություն արտերկրում:
Գրիգոր Ենգիբարյան, 8 տարեկան, տառապում է սուր նիելոպլաստային լեյկոզով, անհրաժեշտ է ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստում:
Ահա այս երկու երեխայի բուժմանն է հատկացվելու ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ Քեզ հետ, ՄԱՐԴ» գրքի վառաքից հավաքված ողջ հասույթը: Դա նրա ցանկությունն է:
Այսօր «Արտ Բրիդջ» գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ այս գրքի շնորհանդեսը:
Panorama.am-ի հետ զրույցում նկարչուհի «Ցմահ դատապարատվածների հարցերով զբաղվող» հասարակական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանն ասաց, որ գրքում ներկայացված պատմությունները Մհերի հիշողություններն են ու նաև երազանքները` միաժամանակ նշելով, որ այդ գիրքը ցույց է տալիս, որ «վանդակում գտնվող մարդը հոգով շատ ավելի ազատ է, քան մեր շուրջը գտնվող շատ մարդիկ: Դա խոսում է նրա հոգու ազատության մասին»:
Գիրքը հրատարակել է «Փրինթինֆո» հրատարակչությունը` անշահախնդիր: Հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն նյութերը փոխացել է լրագրող Զարուհի Մեջլումյանը (վերջինիս պատմվածքները փոխանցել են Ենոքյանի փաստաբանները), ու թեև ամբողջությամբ ծանոթ չէ Ենոքյանի պատմությանը ու ստեղծագործություններին, բայց, ըստ նրա, զարմանալին այն է, որ 16 տարի գտնվելով անազատության մեջ, չի կորցրել իր մարդկային նկարագիրը, չարությամբ կամ վրեժխնդրությամբ լցված չէ մարդկության հանդեպ: «Ցմահ դատապարտյալը ցմահ հիվանդ երեխաներին է ցանկանում օգնել, մինչդեռ ազատներիցս շատերը ուշադրություն չենք դարձնում դրան: Մենք պատրաստակամություն հայտնեցինք կամրջել այս երկու բևեռները»,- ասաց Ա. Մեհրաբյանը:
Նախաձեռնության անդամ Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ աննախադեպ երևույթ է, երբ ցմահ դատապարտյալն ապրում է բանտում, պայքարում ազատության համար ու ոչ միայն իր, այլ նաև ուրիշների. «Նախադեպը չունեցող երևույթ է: Ապրելով բանտում` շատ ավելի ազատ քաղաքացի է, քան մեզանից շատերը»:
Հեղինակը գիրքը նվիրել է մորը` Վարդուհի Ենոքյանին: Շնորհանդեսին ներկա էին Մհեր Ենոքյանի հայրն ու մայրը: Հայրը վատառողջ էր, բայց ցանկություն էր հայտնել անպայման ներկա գտնվել իր որդու առաջին գրքի շնորհանդեսին: «Թող դուրս կգա, կամուսնանա, մի երկու զինվոր կտա մեր երկրին: Չի կարելի տանել ու զմռսել: Հիմա մեր ազգը լավ, երիտասարդ մտավորականների կարիք ունի: Թող դուրս գա: Երեխան, Աստված ոչ չանի, եթե էլի սխալ ճամփի վրա կանգնի, բռնելը հեշտ է, բայց հանելն է դժվար: Թող դուրս գա` օգուտ կտա ազգին, մարդկությանը պետքական մարդ է»,- ասաց Մհերի հայրը` Դավիթ Ենոքյանը:
Մայրն էլ` Վարդուհի Ենոքյանը, մի քանի պատմություն ներկայացրեց` իր որդու բարության, մարդկանց օգնության ձեռք մեկնելու հատկանիշները ցույց տալով: Նա ասաց, որ երկրորդ անգամ բանտից փախնելուց հետո (2009 թ), երբ պաշտոնյաները իրենց հարցաքննելիս են եղել, նրանցից մեկն ասել է` «տեսնենք գոնե ով է»: «Երբ քաղաքի կենտրոնում զբոսնելիս բռնել են, հետո մեզ պաշտոնյաներից մեկն ասաց` «գիտեք, դու ճիշտ եք ասում, ձեր տղան իսկական սոցիալ դեմոկրատ է»:
«Գրքի միջոցով տղաս փորձում է իր ձայնը բարձրացնել: Աստված նրան ներել է, մնում է մարդը ների: Այստեղ հավաքվածներն էլ իրենց ձայնն են բարձրացնում ոչ թե առ Աստված, այլ առ օրենք»,- ասաց Վ. Ենոքյանը:
Մայը նաև կարդաց որդու նամակը` ուղղված գրքի շնորհանդեսի ներկաներին: Նա մասնավորապես գրել է.
«Բարի օր ձեզ: Երբ այս տողերը կարդացվեն, իմանալով որ դուք լսում եք, ես ինձ ազատ կզգամ ձեր կողքին, բանտի կիսամութ ու փոքր խցում նստած մտքով ու հոգով կհայտնվեմ լուսավոր մանկության վարդագույն քաղաքում, Աբովյանով կզբոսնեմ, երևակայածս արվեստի կամուրջը ինձ կբերի ձեզ մոտ, կողքից ուշադիր կնայեմ, հետո մեկ առ մեկ կմոտենամ յուրաքանչյուրիդ, կզրուցենք: Կփորձեմ հուզմունքս թաքցնել, ուրախանամ ձեր ներկայությամբ ու ուշադրությամբ: Ավելին, երջանիկ եմ, որ իմ առաջին գրքի շնորհանդեսին եկել եք դուք` մեր քաղաքի մարդիկ, յուրովի անհատներ: … Ոչ մի վերջակետ, … սխալներն ընդունելուց չվախենալով, ստեղծագործելով, արարելով պետք է շարունակենք մեր ճանապարհը դեպի կատարելություն, բարին, սերը մարդու և աշխարհի նկատմամբ: Այս տողերը գրելիս ձեր կողքին եմ, զրուցում եմ ձեզ հետ: Այսօր Ձեր ներկայությունը այստեղ ուղղակի պարտադրում է ինձ, որ իմ միջի մարդուն չկորցնեմ` այստեղ … կլոր բանտում: Շնորհակալ եմ բոլոր ներկաներից: … Շնորհավորում եմ բոլորիդ գալիք նոր տարին ու Սուրբ ծնունդը: Մհեր Դավիթի Ենոքյան, 15.12.2011 թ»:
Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով է, ունի 204 էջ, գինը` 2000 դրամ:
Մհեր Դավթի Ենոքյանը 1996 թ-ին դատապարտվել է մահապատժի` մղադրվելով համակուրսեցու սպանության մեջ: Այդ ժամանակ նա 20 տարեկան էր, Երևանի բժշկական ինստիտուտի ուսանող:Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում և մինչ օրս պայքարում է արդարության վերականգնման համար: Բոլոր ցուցմունքներում նշել է, որ փորձել է փրկել ընկերոջ կյանքը մինչ մյուս ընկերը սպանում էր նրան: Գործի վերանայման պահանջով այս 15 տարիների ընթացքում դիմել է բազմաթիվ ատյանների, ՀՀ բոլոր երեք նախագահներին: Չստանալով գործի վերաբացման հնարավորություն` Մհեր Ենոքյանը 2 անգամ դիմել է փախուստի բանտերից /2004 և 2009 թթ./: Ընդհանուր առմամբ 32 օր մնալով ազատության մեջ չի կատարել ոչ մի հանցավոր արարք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան