Թուրքիան Փարիզից հետ է կանչելու իր դեսպանին բանաձևի ընդունման դեպքում
Փարիզում Թուրքիայի փոխդեսպան Էնգին Սոլաքողլուն հայտարարել է, որ եթե դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանը վավերացնի Հայոց ցեղասպանության հերքումը հանցագործություն համարող օրենքի նախագիծը, ապա Թուրքիան անորոշ ժամկետով հետ կկանչի իր դեսպանին` Թահսին Բուրջուօղլուին:
«Այդ բանաձևի ընդունումը անդարձ կորուստների կարող է մատնել ֆրանս-թուրքական հարաբերությունները: Հուսանք, որ Ֆրանսիայի իշխանությունները պատմության ոլորտը կթողնեն պատմաբաններին»,- ըստ թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալության` ասել է փոխդեսպան Սոլաքօղլուն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության պատգամավոր Վալերիա Բոյերն է հեղինակել հիշյալ օրինագիծը, համաձայն որի, Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է հարուցի վարչական ու քրեական վարույթներ` 45.000 եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: