Տուգանվեցին կաթնամթերք արտադրող ընկերությունները. կարագի փոխարեն օգտագործել են կոկոսի յուղ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կաթնամթերք արտադրող ընկերությունների գործունեության ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են աննախադեպ չարաշահումներ` արտադրության և իրացման ծավալներով մի քանի խոշոր ընկերությունների մոտ («Դուստր Մարիաննա», «Անի կաթ» և այլք): Այս մասին Հանձնաժողովի նիստում հայտարարեց ՏՄՊՊՀ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Հանձնաժողովը ապացուցված է համարում, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող այդ խոշոր ընկերություններ դրսևորել են անբարեխիղճ մրցակցություն: Հաշվի առնելով, որ այս ընկերությունները նախկինում մեկ անգամ արդեն հայտնվել են Հանձնաժողովի դաշտում և զգուշացվել էին ձեռնպահ մնալ օրենսդրության խախտումներից` այս անգամ նրանց նկատմամբ կիրառվեց օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափ` նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով»,- ասաց Հանձնաժողովի նախագահը: Ըստ այդմ` «Անի կաթը» տուգանվեց 5 մլն դրամի չափով, իսկ «Դուստր Մարիաննա» ընկերության տուգանքի չափը կկազմի 20 մլն դրամ:
Ի՞նչ խախտումներ են արել ընկերությունները:
Կաթնամթերք արտադրող ընկերությունների մաքսային փաստաթղթերի ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովը հայտնաբերել է, որ վերոնշյալ ընկերությունները ներմուծում են մեծ քանակությամբ բուսական, հիմնականում` կոկոսի յուղ: Փաստաթղթերով և լաբորատոր փորձաքննությամբ հիմնավորվել է, որ ներկրված յուղը օգտագործվում է կաթնամթերքի արտադրության մեջ:
ՀՀ կառավարության որոշմամբ, կաթնամթերքի մի շարք տեսակների արտադրության ժամանակ արգելվում է բուսական յուղի օգտագործումը (2006թ.-ի դեկտեմբերի 21-ի ՀՀ կառավարության 1925-Ն որոշում): Մասնագիտական գնահատականներով նման բուսական յուղերի օգտագործումը խորհուրդ չի տրվում:
ՏՄՊՊՀ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ կոկոսի յուղի օգտագործումը կաթնամթերք արտադրող ընկերություների համար խիստ շահավետ է, քանի որ դրա յուղայնությունը շատ ավելի բարձր է (100 տոկոս), քան կարագինը (82 տոկոս), բացի այդ այն կարագից 2,5 անգամ էժան է: Պարզվել է նաև, որ նշված ընկերությունները իրենց արտադրության մեջ օգտագործում են մեծ քանակով կաթի փոշի և կոկոսի յուղի միջոցով բարձր յուղայնության կաթնամթերք արտադրելով` լրջագույն առավելություն են ստանում մյուս տնտեսվարողների համեմատ: Կաթի փոշու օգտագործումը չի արգելվում, սակայն, արտադրողները պետք է համապատասխան մակնշում կատարեն, ինչը հիմնականում բացակայում է:
Այս տեղեկատվությունը ներկայացնելուց հետո, Հանձնաժողովի անդամներից մեկը հարցրեց. «Հիմա մենք թթվասեր ենք կերե՞լ», զեկուցողն էլ պատասխանեց. «Թթվասերին նմանեցրած մի բան»; Ի դեպ, նշենք, որ ընկերություններից մեկը չի ժխտում, որ օգտագործել է, իսկ նպատակը, ըստ Հանձնաժողովի, եղել է մրցակցային:
Իսկ մյուս երկու ընկերությունները (Դուստր Մարիաննա» և «Անի կաթ»), թեև նախապես ծանոթացել էին նյութերին, բայց` «Կաթնամթեք արտադրող ընկերություները, դրսևորելով անբարեխիղճ մրցակցություն, խաբում են սպառողներին` հավելյալ շահույթներ կորզելով նրանցից: Բացի այդ, նման վարքագծով մրցակցային լուրջ առավելություն են ստանում բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ և հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց դիրքերը շուկայում»,- ասաց Ա. Շաբոյանը, ընդգծելով, որ նման վարքագծի շնորհիվ` օրինախախտները ստացել են մրցակցային լուրջ առավելություններ ` ընդլայնելով իրենց բիզնեսը` ի հաշիվ փոքր և միջին տնտեսվարողների:
Հանձնաժողովն ուսումնասիրության ընթացքում անդրադարձավ նաև գնագոյացման խնդիրներին: Պարզվել էր, որ կաթնամթեքրի թողարկման ծավալների և այդ արտադության մեջ օգտագործվող ապրանքանյութական արժեքների միջև առկա են լուրջ անհամապատասխանություներ: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, կամ ընկերությունները ուռճացված են ներկայացնում արտադրանքի ինքնարժեքը, կամ իրականում ավելի շատ արտադրանք են թողարկում, քան ցույց են տալիս փաստաթղթերով: Գնագոյացման վրա ազդող գործոններից մեկն էլ այն է, որ ընկերությունները չեն պահպանում յուղայնության մակարդակը, հաճախ այն իրականում շատ ավելի ցածր է, քան նշվում է կաթնամթերքի վրա: Այս փաստը ևս հիմնավորված է համապատասխան փաստաթղթերով և լաբորատոր փորձաքննությամբ:
Գնագոյացման ուսումնասիրության արդյունքներն ամփոփելիս, Հանձնաժողովը եկավ եզրահանգման, որ արտադրողներն այս ոլորտում աշխատում են բավարար շահութաբերությամբ և զգուշացրեց զերծ մնալ գների անհիմն բարձրացումից` նշելով, որ նման քայլը կդիտարկվի որպես գների չհիմնավորված բարձրացում:
«Վստահ եմ, որ այս որոշումից հետո լինելու են մարդիկ, որ քննադատելու են, վիճարկելու են մեր Հանձնաժողովի որոշումը` լինեն փորձագետներ, քաղաքական գործիչներ կամ հասարակական կազմակերպություններ: Խնդրում եմ բոլոր այն մարդկանց, որ այս որոշումից հետո մեկնաբանություններ ցանկանան տալ, գալ Հանձնաժողով, ծանոթանալ բոլոր նյութերին, նոր միայն որոշել` թե արդո՞ք ունեն բարոյական իրավունք քննադատել մեր հանաձնաժոողի աշխատանքը»,- ասաց Ա. Շաբոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում