Նախագահ. Ուզում եմ, ձեզնից յուրաքանչյուրը վստահ լինի, որ իր թիկունքում պետություն է կանգնած` պատրաստ օժանդակելու իր մարզիկներին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մեծարման երեկոյին, որը կազմակերպել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հանրապետության ղեկավարը հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկար տարիների նվիրումի և ձեռք բերած մարզական հաջողությունների համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, իսկ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանին՝ Մովսես Խորենացու մեդալով: Հավաքականի անդամներին Սերժ Սարգսյանը հանձնել է նվերներ: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի բոլոր անդամները ժամանակին պարգևատրվելու են Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պետական պարգևներով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանն անձամբ իր, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել հավաքականին՝ հատկապես 2011թ. ցուցադրած բարձր մակարդակի խաղի համար, որը հասարակության մեջ միասնականության, ոգևորության և լավ տրամադրության առիթ դարձավ: «Չենք կասկածում, որ ինքներդ էլ ոգևորության կարիք ունեք, ձեր ոգևորության աղբյուրը և՛ մեծ է, և՛ հավերժական՝ դա մեր ժողովուրդն է»,-ասել է Նախագահը՝ ընդգծելով, որ այսօր ցանկանում է իր հարգանքի տուրքը մատուցել բոլոր նրանց, ովքեր երբևէ խաղացել են Հայաստանի հավաքականում, ովքեր լավ հիմք են ստեղծել, ովքեր վաղ տարիքից մարզել են հավաքականի անդամներին: «Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը վստահ լինի, որ իր թիկունքում պետություն է կանգնած, պետություն, որ պատրաստ է այլևս սատարելու, օժանդակելու իր մարզիկներին, պետություն, որ ամեն ինչ անելու է, որպեսզի սպորտը դառնա շատ-շատերի զբաղմունքի և ոգևորության առարկան»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ միջոցառման կազմակերպման համար և հանդիպման մասնակիցներին ջերմորեն շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ևս, մաղթել, որպեսզի 2012թ. մեր երկրում հաջողություններն ավելի շատ լինեն, իսկ մեր հասարակությունը՝ ավելի ամրապնդված ու միասնական:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան