«Զերկալո». Խուլերին ու հաշմանդամներին զորակոչում են բանակ
«Ադրբեջանական բանակ զորակոչված հիվանդների համար ուղղակի անտանելի պայմաններ են ստեղծվում»: «Զերկալո» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական քաղաքացիական վերահսկողության կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ալեքբեր Մամեդովը:
Աղբյուրի փոխանցմամբ, իրավապաշտպանը նշել է, որ ադրբեջանական բանակում ինքնասպանության պատճառներից մեկն այն է, որ բանակ են զորակոչվում հիվանդ երիտասարդներ:
«Համածառայակիցները ծաղրում են նրանց, օգտվում նրանց թուլությունից: Արդյունքում կամ վերջիններս փախչում են ծառայության վայրից, կամ էլ դիմում են ինքնասպանության: Լինում են դեպքեր, երբ նույն հիվանդները սպանում են իրենց «տանջող» համածառայակիցներին»,- նշել է Մամեդովը:
Իրավապաշտպանը պատմել է, որ Ադրբեջանում Աստարայի զինկոմիսարիատը ադրբեջանական բանակ է զորակոչել խուլ հաշմանդամի: Հաշմանդամի եղբայրը դիմել է սույն զինկոմին՝ Վուգար Միրզոևի, հարցին լուծում տալու նպատակով:
«Ես պատմել եմ նրան, որ իմ եղբայրը ի ծնե խուլ է, և խնդրել են հրավիրել հանձնաժողով որոշելու նրա ծառայության ոչ պիտանելիության հանգամանքը: Զինկոմը նշել է, որ նրան ծառայությունից ազատելու համար պետք է վճարեմ խոշոր գումար: Ասելով, որ ընտանիքս ի վիճակի չէ վճարել այդքան գումար, Վ. Միրզոևը հայտարարել է, որ այդ դեպքում եղբայրը պետք է ծառայի» ,- նշել է հաշմանդամ զինծառայողի եղբայր՝ Էհթիրամ Նաիդրովը: