Ամփոփվում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը
Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի է ունենալու հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի` «Բաբաջանյան ֆեստ»-ի ամփոփիչ համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան) առաջին անգամ կատարելու է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Հայկական էստրադայի և օպերայի աստղերը (Հայկո, Սիրուշո, Անդրե, Սոֆի Մխեյան, Էմմի, Անահիտ Սիմոնյան, Մհեր, Էրիկ, Մարատ Հայրապետյանը և օպերային մեներգիչ Գևորգ Հակոբյան)կատարելու են կոմպոզիտորի հայտնի աշխատանքները («Հեյ աստղեր», «Իմ Երևանը», «Մեր սիրելի Երևան», «Чертово колесо», «Судьба», «Հարսանիք», «Շնորհակալ եմ քեզ», «Королева красоти», «Мимоза», «Верни мне музыку» և այլն):
Նշենք, որ փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 21-ին: Փառատոնի շրջանակներում նախատեսվում էր 6 համերգ, որոնց ընթացքում բացի Ա. Բաբաջանյանի ստեղծագործություններից, հնչել են նաև երիտասարդ կոմպոզիտորների աշխատանքներ: «Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան: Փառատոնը անց է կացվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Հիշեցնենք, որ փառատոնն անցկացվում է 2010 թվականից, որը նվիրված էր Ղազարոս Սարյանի 90-ամյա հոբելյանին ու կոչվում էր «Սարյանֆեստ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները