ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան. Իրանը Ադրբեջանի կատարած արարքներն անպատասխան չի թողնի
«Իրանի Իսլամական Հանրապետությունն Ադրբեջանի կատարած արարքներն անպատասխան չի թողնի»:
Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Իրանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ-ում ԻԻՀ նախկին դեսպան, Կովկասի հարցերով փորձագետ Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:
Քոլեյնին, պատասխանելով ԻԻՀ հեռուստառադիոընկերության Բաքվի բաժանմունքի տնօրենի` օրերս Ադրբեջանից վտարման վերաբերյալ հարցին, նշել է. «Երբ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի` Թեհրան կատարած այցից հետո նման միջադեպ է գրանցվում, վկայում է այն մասին, որ Բաքվում ի վիճակի չեն կառավարել իրավիճակը»:
«Իրանցի պաշտոնյայի վտարման փաստը բացասական ազդեցություն կունենա իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Իմ կարծիքով, Իրանի Իսլամական Հանրապետությունն Ադրբեջանի կատարած այդ քայլի նկատմամբ անտարբեր չի մնա»,-հավելել է Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի` Թեհրան կատարած այցից օրեր անց` դեկտեմբերի 9-ին, Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի բաժանմունքի տնօրեն Ահմադ Քազեմին իր ընտանիքի հետ միասին վտարվեց Ադրբեջանից:
Միջադեպի առնչությամբ`ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, հանդես գալով հայտարարությամբ, նշել է. «Մենք զարմացած ենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի` իրանյան այցից կարճ ժամանակ անց նման անհարմար միջադեպ է տեղի ունենում: Հուսով ենք, որ Բաքուն կփոխհատուցի և որքան հնարավոր է շուտ կուղղի իրանցի պաշտոնյայի հանդեպ կատարված անհիմն քայլը»: