2012 թ. Քուվեյթում կայանալու է հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-15-ը գտնվում է Քուվեյթում` Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Ըստ Զարգացման հայկական գործակալություն հասարակայնության հետ կապերի բաժնի, Քուվեյթի առևտրաարդյունաբերական պալատում, արդյունաբերողների և ներդրողների միությունում, ներդրողների ընկերությունում, գյուղատնտեսական կազմակերպությունում, Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամում, առևտրի և արդյունաբերության փոխնախարար շեյխ Նեմիր ալ-Սաբահի հետ կայացած հանդիպումների ընթացքում լայնորեն լուսաբանվել են Հայաստանի տնտեսական ներուժը, արտադրվող ապրանքատեսակների արտահանման հնարավորությունները, համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները, ՀՀ տնտեսական զարգացման խոշորածավալ ծրագրերը, ներդրումների խրախուսման և պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության վարած տնտեսական ռազմավարությունը:
Համապարփակ քննարկումներ տեղի ունեցան երկկողմ հարաբերությունների գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության, վերականգնվող էներգիայի և ենթակառուցվածքների ոլորտներում հնարավոր տեղաշարժերի արձանագրման ուղղություններով: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել քուվեյթյան համապատասխան կառույցների ներկայացուցիչների այցը Հայաստան` տնտեսական ներուժին տեղում ծանոթանալու, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ սկսել 2012 թվականին Քուվեյթում կայանալիք հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում Հայաստանի առևտրաարդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես անցկացնելու ուղղություններով:
Այցը նշանավորվել է Զարգացման հայկական գործակալության և Քուվեյթի ներդրումային ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, ինչն էլ ավելի իրատեսական հարթություն տեղափոխեց ներդրումների բնագավառում փոխգործակցության խթանման հեռանկարները:
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ են ունեցել նաև քուվեյթյան մի շարք մասնավոր ընկերությունների և հայ համայնքի գործարար շրջանակների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա