Շտապօգնության կանչերի թիվը 2011 թվականին աճել է
«2010 թվականի համեմատ` այս տարվա ընթացքում շտապօգնության կանչերի թիվն աճել է 9,6 %-ով»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Ըստ բանախոսի, տարվա ընթացքում, համեմատաբար, բարձր է եղել նաև անարդյունավետ և կեղծ կանչերի թիվը` ամսական միջինը 200-300 զանգ:
Թ.Ստեփանյանը վստահեցրեց, որ շտապօգնության ավտոպարկի, արձագանքման համակարգի արդիականացման, ինչպես նաև բժշկական անձնակազմի վերապատրաստման շնորհիվ տարվա ընթացքում հնարավոր է եղել պահպանել` կանչի վայր 3-ից 12 րոպեում ժամանման պահանջվող ժամանակային նորմը, այն դեպքում, երբ օրական սպասարկվում է միջինը 500-560 հիվանդ, հոսպիտալացվում է` մոտ 100:
«Կանչերի մեծ մասը, թերևս անհապաղ արձագանքման կարիք չունեն, բայց ոչ մի դեպքում չեն մերժվում: Անհապաղ արձագանքում ենք ինֆարկտի կամ ինսուլտի նախանշանների, տրավմաների դեպքում», - ասաց բանախոսը, հավելելով, որ եթե անհապաղ բուժօգնության կարիք չի լինում, մարդիկ դիմում են մոտակա բժշկական հաստատություն:
Ըստ Թ. Ստեփանյանի, լինում են ուշացման հետ կապված բողոքներ, որոնք կապված են ծանրաբեռնվածության պատճառով մեքենա չլինելու հետ, սակայն, ինչպես նա հայտնեց, բողոքի դեպքում ստուգվում է ձայնագրման սարքը: Նա տեղեկացրեց նաև, որ բժիշկը պետք է հիվանդի մոտ մնա քսան րոպե, սակայն հաճախ հիվանդները ցանկանում են ժամանակը երկարացնել կամ հիվանդի վիճակն այդպիսին չէր, որ ահազանգեր. «Այս իրավիճակը ևս խնդիրներ է առաջացնում»: