Ադրբեջանն ընդգրկվել է լրագրողների գործունեության համար առավել վտանգավոր երկրների ցուցակում
Ադրբեջանն ընդգրկվել է լրագրողների գործունեության համար առավել վտանգավոր երկրների ցուցակում: Այս մասին տեղեկացնում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ, լրագրողների գործունեության համար առավել վտանգավոր երկրների ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Պակիստանը, որտեղ այս տարվա ընթացքում սպանվել է 7 լրագրող, այնուհետև Իրաք և Լիբիա՝ 5 լրագրողներ: Այս ցուցակում նաև տեղ է գրավել Ադրբեջանը, որտեղ նոյեմբերի 23-ին դանակի բազմաթիվ հարվածներից մահացել է հրապարակախոս Ռաֆիկ Թագիին:
Աղբյուրը նշում է, որ դանակահարությունից երկու օր հետո, հրպարակախոս Ռաֆիկ Թագիին նշել է, որ իր վրա հարձակման պատճառը եղել է այն հոդվածը, որտեղ նա քննդատել է Իրանի ներկա իշխանությանը:
Բացի այդ, Ադրբեջանն ընդգրկվել է «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի այն ցուցակում, որտեղ իրենց մասնագիտական գործունեության համար ձերբակալվել են մի շարք լրագրողներ:
Աղբյուրը նշում է, որ այս տարվա հոկտեմբերին Բաքվում ձերբակալվել է «Խուրալ» թերթի գլխավոր խմբագիր Ավազ Զեյնալովը, ով քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրա կառավարության վարած քաղաքականությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի ցուցակում է ընդգրկվել նաև Թուրքիան, որտեղ իրենց մասնագիտական գործունեության համար ձերբակալվել են 8 լրագրողներ: