Աքորի համայնքում լարված իրավիճակ է. դպրոցում պատրաստվում են դասադուլ անել
Լոռու մարզի Աքորի համայնքում լարված իրավիճակ է. այստեղ դպրոցի տնօրենի ընտրությունները, ինչպես բնակիչներն են պնդում, անցել են կեղծքիներով: Այդ պատճառով էլ գյուղի դպրոցի աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները դուրս են եկել բողոքի և արդեն մեկ ժամ է` սկզբում գյուղապետարանի, հիմա էլ գյուղապետի տան առջև գյուղապետ Կամո Սիմոնյանից բացատրություն են պահանջում:
Գյուղի միակ դպրոցի, որն ունի 340 աշակերտ, տնօրենի ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու` մեկը տեղի բնակիչ Արմեն Միյազյանն է, իսկ մյուսը Ալավերդուց Անահիտ Մուսաելյանը: Դպրոցի խորհրդի անդամներն 8-ն են, իսկ խորհրդի նախագահը գյուղապետ Կամո Սիմոնյանն է:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի խորհրդի անդամ Վեներա Միյազյանն ասաց, որ ընտրություններն անցել են կեղծիքներով: «Քվեատուփը քվեարկության ժամանակ խորհրդի անդամների տեսադաշտում չի եղել, քվեարկության արդյունքները կեղծված են և չեն համապատըասխանում մեր` անդամներիս ցանկություններին: Ու հիմա գյուղապետից պահանջում ենք չեղյալ համարել ընտրությունների արդյունքները», -մեզ հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց տիկին Միյազյանը:
Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ. 4 անդամ քվեարկել է Արմեն Միյազյանի օգտին, իսկ մյուս չորսն էլ` Անահիտ Մուսաելյանի:
«Սակայն, հետո, չգիտես` ոնց, իրա օգտին քվեարկածների թիվը դարձավ 5: Չգիտեմ էդ ոնց դառավ, բայց հիմի մենք չորսով դիմում ենք գրել, որ ընտրել ենք Արմեն Միյազյանին», -փոխանցեց տիկին Վեներան, որը նաև գյուղի ավագանու անդամ է:
Նրա խոսքով, մյուս թեկնածուն «ոչ մի անգամ» չի ներկայացել դպրոց, «երեկոյան հանդիպում է ունեցել դպրոցի խորհրդի նախագահի (գյուղապետի-թղթ.) հետ, բանակցություններ է վարել գիշերները»:
«Արմենին պահանջում ա ամբողջ գյուղը: Հիմա էդ մասին գյուղապետից պարզաբանում ենք ուզում, բայց դռները փակել ա, մտել ա ներս, չի լսում մեզ», -բողոքն արտահայտում էր մեր զրուցակիցը: Նա նաև ասաց, որ գյուղի աշակերտներն ու ուսուցիչները պատրաստվում են վաղվանից դասադուլ հայտարարել:
Կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղյակ չէր դպրոցի տնօրենի ընտրությունից հետո ստեղծված իրավիճակից և ասաց, որ իրենց ներկայացուցիչը, որը մասնակցել է ընտրություններին, փոխանցել է. «մրցույթն անցել է շատ խիստ կարգուկանոնով և ընտրվել է Ալավերդու ուսուցչուհին»:
«Հիմա թե դա կոլեկտիվի ցանկությունն է, թե ոչ, դա այլ հարց է», -հավելեց ԿԳՆ ներկայացուցիչը:
Նրան փոխանցեցինք նաև խորհրդի անդամի մտահոգությունը, որ Միյազյանի օգտին քվեարկել են 4-ը, բայց հետո պարզվել է երեքն են քվեարկել:
«Դե, մեր ներկայացուցիչը չի կարող սխալ բան ասել, ասել է, որ հինգ ձայնով ընտրվել է Ալավերդուց եկած թեկնածուն», -արձագանքեց Նարինե Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին