Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դեկտեմբերի 23-ին կժամանի Երևան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 23-ին Երևան կժամանի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Դեսպան Առաքելյանը, խոսելով Հայաստանի և Իրանի քաղաքական հարաբերությունների մասին, նշել է, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա, որոնց նպաստում են երկկողմ բարձր մակարդակի փոխայցերը:
Խոսելով երկու երկրների առևտրատնտեսական շրջանառության ծավալների մասին` Հայաստանի դեսպանը նշել է, որ 40 տոկոսով աճել է Հայաստանի և Իրանի ապրանքաշրջանառության ծավալները: Նախորդ տարի արձանագրված 270 միլիոն դոլարի ցուցանիշը ավելացել է` հասնելով 300 միլիոնի, և հաշվի առնելով առկա հնարավորությունները, այն կարող է ավելանալ:
Գրիգոր Առաքելյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում կարևորագույն տեղ է զբաղեցնում էներգետիկան: Անցյալ տարիների ընթացքում կառուցվել է գազատար, երկու էլեկտրահաղորդման գիծ, երրորդը` կառուցման փուլում է, որը շուտով կշահագործվի: Իրանի նախագահի` Երևան կատարելիք այցելության շրջանակներում քննարկումներ կլինեն նաև նավթամուղի, երկաթգծի և այլ էներգետիկ նախագծերի շուրջ: