ՀՊՃՀ-ում կհիմնվի «Microsoft» ընկերության ՏՏ ակադեմիա
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի է ունեցել զույգ փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախ` ՀՊՃՀ և «Ագրոսայնս» գիտա-արտադրական ՍՊԸ-ի միջև կնքվել է գիտատեխնիկական համագործակցության պայմանագիր, ապա` ՀՊՃՀ-ն և «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակը ստորագրեցին համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ հուշագիր: Այս մասին հայտնում են ՀՊՃՀ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնից:
Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես է եկել ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, ով ուրախությամբ արձանագրել է, որ, տասնամյակներ շարունակ Հայաստանի տնտեսության բոլոր ճյուղերում ՀՊՃՀ-ն ունենալով բացառիկ ներկայություն, այսօր հասել է մի հանգրվանի, երբ ՀՀ տնտեսության համար բավականին հեռանկարային արդյունքներ խոստացող փաստաթղթեր է ստորագրում բուհի երկարամյա բարեկամ կազմակերպությունների հետ: Ավելին, ըստ ռեկտորի դիպուկ բնորոշման, ճարտարագիտական հետազոտությունները պետք է ընկած լինեն Հայաստանի ապագա զարգացած տնտեսության ողնաշարում, և այս մոտեցումը ռազմավարական արժեք ունի:
«Ագրոսայնս» ՍՊԸ համահիմնադիր Վաչագան Նուշիկյանը ևս Հայաստանի համար ռազմավարական է համարել գիտության և արդյունաբերության սերտ համագործակցությունը, ինչի արդյունքներն արդեն իսկ փորձարկված են վերջին մի քանի տարում: Նա, մասնավորապես, առանձնացրել է ՀՊՃՀ գիտնականների, խաղողագործների ու թունաքիմիկատների արտադրությամբ զբաղվող մասնագետների շահեկան համագործակցությունը, ինչի շնորհիվ ակներև են բարձր արտադրողականությունը մի կողմից, և էկոլոգիապես մաքուր ու բարձրորակ մթերքը` մյուս կողմից, որոնք Հայաստանը կարող են դարձնել մրցունակ և խոստումնալից պետություն:
Պայմանագրով նախատեսված է ՀՊՃՀ Գիտական ստորաբաժանման ենթակառուցվածքում և Քիմիական տեխնոլոգիաների ու բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետում հիմնել Էկոլոգիապես անվտանգ գյուղատնտեսական նոր թունաքիմիկատների և պատրաստուկային ձևերի ստացման տեխնոլոգիայի մշակման և որակի վերահսկման ժամանակակից լաբորատոր բազա, ինչպես նաև իրականացնել համատեղ գիտա-ուսումնական ծրագրեր:
«Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանն իր ելույթում նախ հպարտորեն արձանագրել է, որ ՀՊՃՀ շրջանավարտ է և Պոլիտեխնիկի նվիրյալ, ապա կանգ առավ հուշագրով նախատեսված այն շոշափելի արտոնությունների վրա, որոնցից օգտվելու հնարավորություն կունենա ոչ միայն ՀՊՃՀ-ն` որպես հիմնարկություն, այլև բուհի ցանկացած դասախոս և ուսանող: Մասնավորապես, համաշխարհային շուկայում մեծ համբավ վայելող «Microsoft»-ի ծրագրային համակարգերն ու տեղեկատվական միջոցները հետայսու ՀՊՃՀ-ի համար կլինեն 80-90%-ով ավելի էժան, իսկ 10 000-ից ավել գերժամանակակից տեղեկատվական միջոցներով հագեցած էլեկտրոնային փոստեր ուսանողներին և դասախոսներին կտրամադրվեն անվճար:
Փաստորեն, սույն պայմանագրով ՀՊՃՀ-ն և «Microsoft» ընկերությունն ամրագրել են երկարաժամկետ համագործակցելու վերաբերյալ իրենց պատրաստակամությունը, որի շրջանակներում ՀՊՃՀ-ում կհիմնվի «Microsoft» ընկերության ՏՏ ակադեմիա, կկազմակերպվեն միջազգային սերտիֆիկացման վերապատրաստման դասընթացներ համալսարանի դասախոսների և ուսանողների համար, ՀՊՃՀ-ում կներդրվի ընկերության Live@edu համակարգը, որն առաջարկում է հաղորդակցման և համագործակցության բարձրակարգ ծառայություններ և գործիքներ£
Ելույթներից և փաստաթղթերի ստորագրումից հետո ամփոփիչ խոսքով ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը, մեկ անգամ ևս կարևորելով օրվա իրադարձային լինելը, նշել է, որ այսուհետ ՀՊՃՀ-ն հանդես կգա նախաձեռնողականությամբ և բոլոր ծրագրերին կմասնակցի ոչ միայն որպես գիտական մասն ապահովող, այլև` որպես համաֆինանսավորող ու լիիրավ մասնակից կողմ, ինչը ռազմավարական մոտեցում է ՀՀ գիտակրթական զարգացման տեսանկյունից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին