Սամբոյի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին ու խորհրդարանականներին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան այսօր հանդես է եկել հայտարարությամբ` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հայության չսպիացող վերքը հասկանալու և նրա ժխտումը պատասխանատվության ենթարկելու վճռականության համար:
«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան՝ հայ սամբիստների ու մարզաձևի երկրպագուների անունից իր գոհունակությունն է հայտնում և շնորհավորում աշխարհասփյուռ հայությանը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը քննարկելու և ընդունելու կապակցությամբ, միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին ու խորհրդարանականներին` Հայոց չսպիացող վիշտը հասկանալու և Ցեղասպանության փաստը հարցականի տակ առնողներին պատասխանատվության ենթարկելու պատրաստակամության համար:
Մենք՝ մարզաշխարհի ներկայացուցիչներս, որ պարբերաբար մասնակցելով միջազգային ամենատարբեր մարզական միջոցառումների` երբեմն ներքաշվում ենք Հայոց Ցեղասպանության շուրջ ծավալվող բանավեճերի մեջ, շուրջ չորս ժամ հետևում էինք «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող քննարկումներին, հուզմունքով սպասում՝ պատմական արդարության հաստատման թեև հերթական, սակայն չափազանց կարևոր հանգուցալուծմանը:
Վստահ ենք, որ փաստաթուղթը կընդունվի ոչ միայն Ֆրանսիայի Սենատի ու նախագահի կողմից, այլև իր արձագանքը կգտնի այլ պետությունների օրենսդիր մարմիններում և կդառնա կարևոր խթան՝ Հայոց Ցեղասպանության վերջնական ընդունման և դատապարտման ճանապարհին»,- նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում