Թուրքիան Ֆրանսիայից հետ է կանչել իր դեսպանին
Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո, Անկարան ի նշան դժգոհության, դիմում է պատասխան գործողությունների: Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիան խորհրդակցության նպատակով հետ է կանչում Փարիզում գտնվող իր արտակարգ և լիազոր դեսպան Բուրջուօղլուին:
Նշենք, որ այդ մասին Թուրքիան սպառնալիք հնչեցրել էր դեռևս օրեր առաջ: Թուրքական մամուլում հայտնվել էր ներքոնշյալ պատժիչ գործողությունների ցանկը, որոնք թուրքական իշխանությունները պետք է կիրառեն Ֆրանսիայի դեմ:
• Թուրքիան Ֆրանսիայից պահանջելու է հետ կանչել Անկարայում գտնվող իր դեսպանին, այլապես վերջինս կհայտարարվի անցանկալի անձ (persona non grata):
• Անկարան իր ներկայացուցչական մակարդակը Փարիզում իջեցնելու է գլխավոր քարտուղարի աստիճանի:
• Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի ռազմական կցորդները հետ են կանչվելու, Չեղյալ են հայտարարվելու Ֆրանսիայի ռազմական կցորդների հավատարմագրերը:
• Աճուրդի չեն ընդունվելու ֆրանսիական ընկերությունները: Վերջիններիս հետ համագործակցող թուրքական ընկերությունները ևս չեն մասնակցելու հայտարաված աճուրդներին:
• Թուրքիայի օդային տարածքը ամբողջովին փակվելու է ֆրանսիական ռազմական ինքնաթիռների համար:
• Խոչընդոտվելու է Ֆրանսիայի ռազմանավերի մուտքը Թուրքիայի տարածքային ջրեր:
• Թուրքիան միջազգային կառույցներում չի պաշտպանելու Ֆրանսիայի քաղաքականությունը:
• Իրանի, Սիրիայի և Մերձավոր Արևելքի թեմայով Փարիզի հետ տեղեկատվական փոխանակում այլևս չի լինելու:
• Կասեցվելու է Ֆրանսիայի հետ գիտատեխնիկական և կրթամշակութային համագործակցությունը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած հայկական բանաձևի համաձայն, Հայոց ցեղասպանության ժխտումը այդ երկրի տարածքում հարուցելու է վարչական ու քրեական վարույթներ` 45.000 եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: