Տերությունները համոզվեցին, որ արձանագրություններում առաջընթաց չկա Թուրքիայի մեղքով
«Առավոտը» խմբագրականում անդրադառնալով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը` գրում է. «Երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, բոլորիս մտավախությունն այն էր, որ խորամանկ թուրքերը հիմա ամենուր հայտարարելու են, թե իրենք հայերի հետ լեզու են գտնում, և այն երկրների խորհրդարանները, որոնք ընդունելու են Հայոց ցեղասպանության մասին բանաձև, իբր խանգարելու են այդ մերձեցման գործընթացին։ Երեկ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը հերքեց այդ տրամաբանությունը` Ցեղասպանությունը շարունակում է մնալ օրակարգում, եւ արձանագրությունները դրան չեն խոչընդոտում: …Երբ վերջնականապես պարզ դարձավ, որ մեր հարեւան պետության մեղքով որեւէ առաջընթաց չկա, շահագրգռված տերություններն արեցին իրենց հետեւությունները»: Ապա հեղինակն ավելացնում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունների հարցում Սերժ Սարգսյանն ամեն ինչ ճիշտ է արել։ Կարծում եմ՝ նման հեղինակավոր փորձագետին այս հարցում արժե վստահել»: