Բահչելի. Հայ-թուրքական արձանագրությունները պետք է հանվեն մեջլիսի օրակարգից
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» (Hurriyet) պարբերականի` Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին, արձագանքելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի ընդունման փաստին, նշել է, որ այդ որոշումը պատմության մեջ մտավ որպես սև հետք ու մեծ սկանդալ:
Ընդդիմադիր կուսակցապետը, թվարկելով իր կուսակցության պահանջները հարցի առնչությամբ ասել է հետևյալը.
«Ֆրանսիայում մեր դեսպանը պետք է հետ կանչվի: Հայ-թուրքական արձանագրությունները պետք է հանվեն մեջլիսի օրակարգից: Կարգավորման քողի տակ մեր պատմությունը վարկաբեկող տեսակետների և ձևակերպումների համար իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) պետք է ներողություն խնդրի: Պետք է դադարեցվեն Ֆրանսիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները»:
Բահչելին նաև նշել է, որ Ֆրանսիայում ապրող թուրքերը 2012-ի նախագահական ընտրություններում պետք է Սարկոզիի պարտության համար լոբբինգ իրականացնեն: Եվ վերջապես որպեսզի օրինագիծը սենատում չհաստատվի, պետք է շտապ կանխարգելիչ միջամտությունններ արվեն: