Ա. Աբրահամյան. «Քաղաքական գործիչներն ակնհայտորեն հոգնեցրել են հասարակությանը»
«Առավոտն» իր խմբագրականում անդրադառնալով երիտասարդական նախաձեռնություններին` գրում է, որ հասարակական շարժումները, եթե դրանք սկզբունքային եւ հետեւողական լինեն, կարող են շատ խնդիրներ լուծել: Այն երիտասարդները, ովքեր այս ամռան ու աշնան ընթացքում ակցիաներ են կազմակերպում Թռչկանի ջրվեժի մոտ, ցույց տվեցին նման արդյունավետ պայքարի օրինակը: Այսօր նույն երեխաները Քաջարանում են. նրանք ոչ թե պայքարում են ինչ-որ վրացական «իշխանափոխության» համար, այլ պաշտպանում են կոնկրետ մարդկանց` իրենց սեփական հողի վրա ապրելու իրավունքը: …Այն պահին, երբ նրանք որեւէ ձեւով առնչվեն քաղաքականությանը, ցանկանան, օրինակ, պատգամավոր դառնալ, այդ պահին իրենց պայքարը կտապալվի»:
Այնուհետեւ հեղինակը գրում է, որ քաղաքական գործիչներն ակնհայտորեն հոգնեցրել են հասարակությանը, եւ որեւէ տարբերություն չկա 90-ականների Արշակ Սադոյանի եւ ՀԱԿ-ի այսօրվա առաջնորդների հռետորաբանության մեջ` նույն բառապաշարն է, նույն սոցիալական բնազդների խաղարկումը: «Հասարակական, երիտասարդական շարժումները (իհարկե` ոչ վիրտուալ) կարող են որոշակի թարմություն մտցնել մեր կյանքում»,- գրում է հեղինակը` Արամ Աբրահամյանը: