Շուկայում վաճառվել է սատկած ձիու միս
Ուսումնասիրություն է կատարվել Երևանի Կոմիտասի և Գումի շուկաներում, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում` սատկած խոշոր եղջերավոր անասունների և ձիու մսի վաճառք: Այս մասին նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը, ներկայացնելով տոնական շրջանում շուկայում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
Նրա խոսքերով՝ ընդհանուր տուգանքի չափը գերազանցում է 2 մլն դրամը, որից ամենաշատը` 400 հազարը բաժին է ընկել ձիու միս վաճառողին: Ըստ Պիպոյանի` ստուգումների ընթացքում խատումները բավական շատ են եղել, մասնավորապես՝ ուսումնասիրությունների արդյունքում հայնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի ու ոչ սառնարանային պայմաններում մսի վաճառք:
Ուսումնասիրություն է կատարվել նաև Գյումրիում, որտեղ, ըստ նրա, ձիու միս չի վաճառվել, բայց վաճառվել է միս, որը պետք է ջերմային մշակման ենթարկվեր:
Բ.Պիոպոյանը նշեց նաև, որ սառեցրած մսերը նույնպես զերծ չեն մնացել ստուգումներից. շուկայում ուսումնասիրվել է սառեցված միսը, որն ունեցել է սերտիֆիկատ: Սառեցված ապրանքն ունի մեկ տարի պահպանման ժամկետ: Խնդիրն այն է, թե դա արդյոք ժամկետի մե՞ջ է, թե՞ ժամկետանց: Ավելի շատ խախտումներ են արձանագրվում այն դեպքերում, երբ սառեցված միսը փորձում են վաճառել որպես թարմ միս:
Բանախոսը նաև տեղեկացրեց, որ ուսումնասիրություններ են իրականացրել խոշոր սուպերմարկետներում`պարզելու զեղչերի շրջանում վաճառվող միսը ժամկետա՞նց է, թե ոչ: «Զեղչերի ժամանակ սուպերմարկետներում մսի ժամկետների հետ կապված խախտումներ չեն արձանագրվել», - ասաց նա:
Անդրադառնալով օղիներին` Պիպոյանը նշեց, որ իրենք այս շուկայում ուսումնասիրություն չեն իրականացրել, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում կան օղիներ, որոնք արտաքուստ միմյանց շատ նման են: