ՀՀ նախագահի որդեգրած քաղաքականությունը հանգեցրեց ներքաղաքական իրավիճակի կայունացմանը
Ամփոփելով անցնող տարին` «Голос Армении»-ն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին: Հոդվածում ներկայացված է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կոալիցիայի երկրորդ կուսակցության նախագահ Գ. Ծառուկյանի միջև որևէ տարաձայնություն չկա, և այդ թեմայով շրջանառվող լուրերն ընդամենը ԶԼՄ-ների երևակայության արդյունք են:
Հոդվածում նշվում է, որ անցնող տարում սկզբունքորեն նոր միտումներ են արձանագրվել ընդդիմության և իշխանության փոխհարաբերություններում: Ամբողջ տարին ընդդիմությունն ու իշխանությունը համագործակցում էին խորհրդարանի պատերի ներքո, իսկ արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությունն ընդհատվեց հենց ընդդիմության նախաձեռնությամբ:
Թերթը նկատում է, որ Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած հասարակական և քաղաքական-հասարակական լայնածավալ երկխոսությունը հանգեցրեց ներքաղաքական իրավիճակի հանդարտեցմանն ու կայունացմանը և արժանացավ միջազգային կառույցների բարձր գնահատանքին: