Զինծառայողի աչքը վնասած ենթասպայի մեղադրանքը կկոշտացվի. Պն քննչական ծառայություն
Աղմկահարույց «Եղնիկներ» կոչվող զորամասում շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը վնասած ենթասպայի նկատմամբ առաջադրված մեղադրանքը կարող է փոխվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Մերի Սարգսյանը:
«Դատաբժշկական փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո առաջադրված մեղադրանքի ծավալը կարող է փոփոխվել, և մեղադրանքը կառաջադրվի ավելի կոշտ հոդվածով», - Panorama.am-ին փոխանցեց Մերի Սարգսյանը` դժվարանալով ասել, թե մասնավորապես, որ հոդվածով կառաջադրվի մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Նարեկ Ավետիսյանի աջ աչքը դուրս էր եկել, և ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՊՆ քննչական ծառայությունից, զորամասի ճաշարանի պետ ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանը իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով և մեկ անգամ իր ձեռքին եղած երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք:
Այնուհետև փաստի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը): Այժմ Արմեն Թովմասյանը կալանքի տակ է: