Հայաստանի կանանց ընտրանին պարտության մատնեց Վիետնամի թիմին
Թուրքիայում շարունակվող աշխարհի շախմատի կանանց թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Վիետնամի ընտրանուն: Էլինա Դանիելյանն առավելության հասավ Փամ Լեի, Լիլիթ Մկրտչյանը՝ Հոանգ Թիի նկատմամբ: Մարիա Կուրսովան զիջեց Նգուեն Թիին, իսկ Նելլի Աղինյանը միավորը կիսեց Հոանգ Թի Նուի հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հաշվետու տուրից հետո մեր շախամտիստուհիները վաստակել են 8 միավոր և Վիետնամի թիմի հետ բաժանում են 6-7-րդ տեղերը:
Չինաստանի հավաքականը 7 անընդմեջ հաղթանակից հետո առաջին պարտությունը (1,5:2,5) կրեց Ուկրաինայի թիմի հետ մրցակցությունում, սակայն 14 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանի ընտրանին 4:0 հաշվով հաղթեց ՀԱՀ-ի թիմին և բարձրացավ երկրորդ հորիզոնական: Հնդկաստանի հավաքականը 1:3 հաշվով զիջեց Վրաստանի ընտրանուն և այժմ 11 միավորով ընթանում է երրորդ հորիզոնականում: Ուկրաինուհիներն ու վրացուհիները 10-ական միավորով հաստատվել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերում:
Թուրքիայի հավաքականը, որը 0,5:3,5 հաշվով զիջեց Հունաստանի թիմին, 4 միավոր արդյունքով ընթանում է 8-րդ հորիզոնականում՝ 9-րդ տեղում հաստատված Հունաստանի ընտրանուն գերազանցելով 1 միավորով: ՀԱՀ-ի հավաքականը ոչ մի միավոր չի վաստակել և անհուսալիորեն եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան