Զինդատախազ. Զինված ուժերում 2011թվականին մահացության և սպանության դեպքերը կտրուկ նվազել են
Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի երեկվա նիստում զեկույցով հանդես է եկել նաև զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զեկույցում ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը անդրադարձել է 2011 թվականին Զինված ուժերում գրանցված հանցագործություններին ու օրինախախտումներին:
Զինվորական դատախազը փաստել է, որ նախորդ տարիների համեմատ Զինված ուժերում 2011թվականին մահացության և սպանության դեպքերը կտրուկ նվազել են, սակայն դա բավարար չէ և դեռևս շատ անելիքներ կան հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:
Նիստի ընթացքում ամփոփվել են 2011 թվականի մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի ու շտաբերի օպերատիվ և մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2012 թվականի ուսումնական տարվա խնդիրները: Այս մասին հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստի ավարտին Սեյրան Օհանյանը 2011 թվականի լավագույն զորամասերին պարգևատրել է պատվոդրոշներով, իսկ նրանց հրամանատարներին ու անձնակազմի անդամներին` գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և նվերներով: