Հանրապետության նախագահը հանդիպեց գործարար համայնքի ներկայացուցիչների հետ
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների:
Հանդիպման մասնակից ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2011-ը աշխատանքի առումով թեև ծանր տարի էր, բայց ընդհանուր առմամբ այն կարելի է գնահատել որպես լավ տարի:
«Կային լավ ցուցանիշներ, ինչը նշանակում է, որ մենք պետք է ավելի շատ աշխատենք, որպեսզի ավելի բարձր ցուցանիշներ ապահովենք»,- նշեց նա:
Ռ.Յիրիկյանի խոսքերով՝ այսօր աշխարհում տնտեսական առումով կան բազմաթիվ դժվարություններ, բնական է, որ Հայաստանը այդ գործընթացներից չի կարող դուրս մնալ: «Ուստի գործարար աշխարհը պետք է ավելի արթուն և զգաստ լինի, իր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնի, քանի որ որքան գործարար աշխարհը զարգացած լինի, այնքան երկիրն ավելի հզոր ու ուժեղ կլինի»,- ասաց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենը:
Նրա գնահատմամբ, 2011թ.-ին տնտեսության ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվել, ինչի արդյունքում որոշ ընկերություններ հնարավորություն են ունեցել ավելի ընդլայնել իրենց բիզնեսը: Ըստ նրա՝ եթե բարեփոխումները շարունակական լինեն, իսկ գործարարներն էլ հարգեն օրենսդրությունը, ապա արդյունքները մոտ ապագայում ավելի տեսանելի կլինեն:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ չնայած 2011-ը բավականին բարդ տարի էր, բայց բավականին ձեռքբերումներ են եղել: Նա առաջին հերթին կարևորեց հանրապետության նախագահի և կառավարության որդեգրած արդյունաբերական քաղաքականության իրականացումը, որը միտված է լինելու տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնմանը:
Անդրադառնալով արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը, Ա. Ղազարյանը նշեց, որ վերջապես մշակվեց այդ ռազմավարությունը, որի հիմքում ընկած է արտահանման ներուժ ունեցող հեռանկարային ճյուղերի զարգացմանն աջակցման միջոցով տնտեսության արտահանելի հատվածի ընդլայնումը: «Տարիներ առաջ միայն խոսում էինք, իսկ այսօր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի վերականգնենք Հայաստանի երբեմնի հզոր արդյունաբերությունը, որպեսզի արտահանման լուրջ տեմպեր ապահովենք»,- ասաց Ա.Ղազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա