ԱՄՆ-ն կոչ է անում ազատ արձակել Տիմոշենկոյին և ապահովել նրա մասնակցությունը գալիք ընտրություններին
Միացյալ Նահանգները հիասթափված է Կիևի վերաքննիչ դատարանի որոշմամբ, համաձայն որի Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատավճիռը անփոփոխ է մնում և կոչ է անում ուկրաինական իշխանություններին անհապաղ ազատ արձակել քաղաքական գործչին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք հիասթափված ենք, որ Կիևի վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 23-ին հաստատել է նախկին վարչապետի նկատմամբ դատավճիռը, չանդրադառնալով ժողովրդավարության և օրենքի գերակայության հետ կապված մի շարք հարցերի, որոնք բարձրացվել էին դատական գործընթացի և վճռի կայացման ժամանակ»,- ասել է Թոներն ու հավելել, թե ԱՄՆ-ն կոչ է անում ուկրաինական իշխանություններին ազատ արձակել Տիմոշենկոյին, ինչպես նաև անազատության մեջ գտնվող այլ նախկին պաշտոնյաների:
Թոների խոսքերով, ԱՄՆ-ում կարծում են, թե «նախկին պաշտոնյաները պետք է անսահմանափակ հնարավորություն ունենան լիարժեք մասնակցելու երկրի քաղաքական գործընթացներին, այդ թվում հաջորդ տարի նախանշված խորհրդարանական ընտրություններին»:
Հիշեցնենք, սույն թվականի հոկտեմբերին Կիևի Պեչերսկի շրջանային դատարանի դատավոր Ռադիոն Կիրեևը յոթ տարվա ազատազրկման էր դատապարտել Յուլիա Տիմոշենկոյին ռուս-ուկրաինական գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պետությանը 187 մլն. դոլարի չափով վնաս հասնելու համար:
Դեկտեմբերի 23-ին Կիևի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Տիմոշենկոյի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը: