Ինչո՞ւ է Վճռաբեկ դատարանը գաղտնի պահում պատժվող դատավորների անունները
Հայաստանում 9 դատավոր թերացել է իր աշխատանքներում, և արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը նախօրեին 7-ի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, իսկ երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի քննարկմանը:
Վճռաբեկ դատարանը համառորեն գաղտնի է պահում վերոնշյալ դատավորների անունները և չի հրապարակում դրանք: «Գաղտնի է, ես որևէ անուն չեմ կարող հրապարակել», -Panorama.am-ի թղթակցին ասաց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ամալյա Հովհաննիսյանը:
Իրենց աշխատանքում թերացած դատավորների անունները չգիտե նաև Հայաստանի դատավորների միության նախագահ Հրաչ Սարգսյանը: «Ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, հենց նոր ինձ ասացին, որ նման լուր կա, բայց չգիտեմ, թե ովքեր են», -ասաց նա:
Պաշտոնական հաղորդագրությունից դատելով այդ դատավորները հատկապես սխալներ են գործել համաներման մասին Ազգային ժողովի որոշման իրականացման գործընթացում: ««Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 26.05.2011թ. ԱԺՈ-277-Ն որոշման կիրառման պրակտիկայի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ քննարկումների արդյունքներով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կատարվեցին համապատասխան ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից 28.12.2011թ. հարուցվել են թվով 7 կարգապահական վարույթներ, իսկ երկու դատավորների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի քննարկմանը»,- նշվում էր Վճռաբեկ դատարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ ամենայնի, անբարեխիղճ դատավորների դեմ այս արշավն սկսվեց հանրապետության նախագահի վերջին հայտարարություններից հետո:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ նախագահն առաջարկել էր անօրինական որոշումներ կայացրած կամ հաստատած քննիչների, դատախազների, դատավորների նկատմամբ նախաձեռնել ծառայողական քննություն` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, իսկ քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում` համապատասխան նյութերն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախագահն ընդգծել էր, որ վարույթների իրականացման հարցում համապատասխան անձանց նկատմամբ միասնական և ոչ խտրական մոտեցման ապահովման կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները