2011 թվական. գնահատում է ռազմական փորձագետը. Գևորգ Թոսունյան
Հայկական բանակի ամենանշանակալից ձեռքբերումներից է նաև ներկայիս «փխրուն» խաղաղության պահպանումը:
Panorama.am-ն անցնող «ռազմաքաղաքական տարվա» կարևորագույն իրադարձությունների փնտրտուք է սկսել: 2011-ն այս անգամ ամփոփում է ռազմական փորձագետ Գևորգ Թոսունյանը:
-Ձեր կարծիքով, որո՞նք էին անցնող 2011թ.-ի ամենակարևոր իրադարձությունները:
- Անցնող տարին առանձնահատուկ էր մի շարք առումներով: Առաջին հերթին կնշեմ ռազմական շքերթը, որը մեծ ազդեցություն ունեցավ հայ հասարակության վրա, ինչպես նաև արժանացավ միջազգային հանրության ուշադրությանը: Բացի այդ, մենք տեսանք, որ պաշտպանության նախարարության գործունեությունը բաց է հասարակության բոլոր շերտերի համար, հետո` ավելի ամրապնդվեց հասարակության վերահսկողությունը բանակի հանդեպ: Այն որ բանակում մահացությունների թիվը զգալիորեն նվազել է, խոստովանում են ինչպես ՊՆ ներկայացուցիչները, այնպես էլ անկախ փորձագետներն ու վերլուծաբանները, սակայն անցնող տարում առավել հնչեղություն ստացան այդ դեպքերի շուրջ ծավալված քննարկումները, մասնավորապես խոսքը համացանցում տեղ գտած քննարկումների մասին է: Սա խոսում է համացանցի և ԶԼՄ-ների հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև պաշտպանության նախարարության թափանցիկ աշխատաոճի և ԶՈւ-ում առկա մի շարք խնդիրների մասին: Եթե թվերով խոսելու լինենք, ապա ըստ ԶԼՄ-ների հրապարակումների` 2011-ին հայկական բանակում գրանցվել է մահացության 35 դեպք: Սակայն բանակի համար յուրաքանչյուր զինծառայողի մահը մեծ կորուստ է: Հարկ է նշել, որ անցնող տարում բարձր մակարդակի վրա էր դրված նաև զինծառայողների սոցիալական ապահովության հարցը. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից 2011-ին ավելի քան 200 սպաների հատկացվել են ծառայողական բնակարաններ: Զուգահեռներ անցկացնելով անցած տարիների հետ` կարող եմ փաստել, որ 2011-ը բեղմնավոր տարի էր բանակ-հասարակության կապի ամրապնդման, միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնման և ռազմաքաղաքական ոլորտում նշանակալից ձեռքբերումների համար: Հայկական բանակի ամենանշանակալից ձեռքբերումներից է նաև ներկայիս «փխրուն» խաղաղության պահպանումը:
- Ի՞նչպիսին էր տարին ադրբեջանական բանակի համար:
- 2011 թվականը Ադրբեջանի բանակի համար, մեղմ ասած, ոչ բարենպաստ էր: Չնայած այն հանգամանքին, որ երկրի ռազմական բյուջեն տարեց տարի ավելանում է` կազմելով ողջ պետական բյուջեի 14.8 տոկոսը և 6 անգամ գերազանցելով Հայաստանի ամբողջ բյուջեն, այդուհանդերձ, այս երկիրը լուրջ խնդիրներ ունի Զինված ուժերում: Նախ` մահացությունների դեպքերն են կտրուկ աճել: Ադրբեջանի ԶԼՄ-ների հրապարակումների մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ 2011-ին ադրբեջանական բանակը տվել է 95 զոհ և 101 վիրավոր: Զոհերի չնչին մասը` մոտ 14-ն է միայն գրանցվել մարտական պայմաններում: Ինչպես հիշում եք, դրանցից 7-ը Ադրբեջանը կորցրեց հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում: Ամեն դեպքում, այդ երկրի բանակն իրոք կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ ռազմական բյուջեն ծառայեցվում է վերնախավի, տվյալ պարագայում` նախարար Աբիևի և գեներալիտետի շահերին, չեմ ասում այն մասին, որ բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնցում նշվել է, որ անգամ զինվորներին որպես բանվորական ուժ են օգտագործում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին