Մխիթարյանը տոներն անցկացրել է Երևանում, Դոնեցկ կվերադառնա երկուշաբթի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող, այս տարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը, ով նաև Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան է, Ամանորն ու Սուրբ ծնունդը նշել ու անցկացրել է Երևանում՝ ընտանիքի հետ: Արձակուրդն անցնում է նորմալ, միայն թե քիչ ժամանակ է մնում հանգստի համար, ողջ ժամանակն անցկացնում է հարազատների ու ընկերների հետ, մինչ Նոր տարին հասցրել է տասը օր հանգստանալ Դուբայում: Չնայած ցուրտ եղանակին` Դուբայի հանգստից գոհ է:
Ինչպես դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է ֆուտբոլիստը, Դոնեցկ կվերադառնա հունվարի 9-ին, իսկ այս օրերին էլ մարզվում է, չնայած` չի ծանրաբեռնվում: Մխիթարյանը խոստովանել է, որ կարոտել է թիմակիցներին, և ցանկանում է սկսել մարզումները, գնալ հավաքների:
Ինչ վերաբերում է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ կոչմանն արժանանալուն, Մխիթարյան ասել է, որ իր համար անսպասելի էր: Մտածում էր, որ ամբողջ թիմն է այդ կոչմանն արժանի: «Նման կոչման արժանի է նաև Յուրա Մովսիսյանը, ում համար անցյալ տարին շատ հաջող էր: Այնպես ստացվեց, որ մասնագետներն ինձ ընտրեցին»,- ասել է Մխիթարյանն ու կրկին ընդգծել, որ դա թիմային աշխատանք է: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր թիմակիցներին, «ովքեր միշտ օգնել ու աջակցել են ինձ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում