Թուրք դեսպան. Սարկոզին ձգտում է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները քրեականացնեն Հայոց ցեղասպանության ժխտումը
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ձեռնամուխ է եղել, որ Եվրամիության բոլոր երկրներն ընդունեն Ֆրանսիայի սենատ ներկայացված «Ցեղասպանության հերքումը քրեականացնող» օրինագծի պես մի բանաձև: Ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի` Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից հիշյալ օրինագծի ընդունումից հետո դեկտեմբերի 23-ին Փարիզից Անկարա հետ կանչված թուրք դեսպան Թահսին Բուրջուօղլուն է Ֆրանսիա վերադառնալիս հայտնել Սարկոզիի նման մտադրության մասին:
Ֆրանսիան ցանկանում է, որ Եվրամիության երկրները, հիմնվելով 2007-ի ապրիլի 19-ին ԵՄ արդարադատության և ներքին գործերի հանձնաժողովի ընդունած «Ռասիզմի և այլատյացության դեմ պայքարի մասին» շրջանակային որոշման վրա, ստորագրեն շրջանակային համաձայնագիր ցեղասպանության եղելությունը հերքողներին պատժելու մասին:
Բրյուսելում պաշտոնավարող ֆրանսիացի դիվանագետներն Փարիզից արդեն ստացել են համապատասխան հրահանգը և Եվրախորհրդում գործում են այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած հայկական բանաձևի համաձայն` Հայոց ցեղասպանության ժխտումը այդ երկրի տարածքում հարուցելու է վարչական ու քրեական վարույթներ` 45.000 եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: Նշվում է, որ Ֆրանսիայի սենատի օրակարգում ազգային ժողովի ընդունած հիշյալ օրինագիծը կընգրկվի հունվարի 23-31 ընկած ժամանակահատվածում: