Ինչ ուտել և չուտել Ամանորից հետո
Ամանորը, հատկապես հայերի համար, ոչ միայն նոր տարվա սկիզբ է, այլ նաև մի լավ «ուտելու-խմելու տոն»: Երկու-երեք օր անց արդեն զգացվում է` «այդքան ուտել- խմելու արդյունքը»:
Ինչպես լիցքաթափվել:
«ՎիվաՄեդիկա» բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ-թերապևտ, ընտանեկան բժիշկ Լուսինե Հովսեփյանը խորհուրդ տվեց անցնել մեղմ սննդային ռեժիմի, օգտագործել ավելի շատ կաթնամթերք` մածուն, յոգուրտ, կեֆիռներ, հեղուկներ, աղցաններ, սահմանափակել սննդի մսային տեսականին, քանի որ ծանրաբեռնում է և լյարդը, և երիկամները, սահմանափակել կամ հրաժարավել ալկոհոլից, արագ մարսվող սննդից` շոկոլադ, քաղցրավենիք:
Բժիշկը խորհուրդ տվեց նշանակել բեռնաթափման օրեր, ուտել հաճախակի, բայց քիչ, ուտելուց հետո մնալ կիսասոված վիճակում, որպեսզի չծանրաբեռնել ստամոքսը: Ընտանեկան բժշկի խոսքով, բացարձակ առողջ մարդը, «չնայած նման մարդ գրեթե չկա», նման դիետայով կարող է սնվել մոտակա 10-օրվա ընթացքում, իսկ այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն, պետք է դիմեն բժշկի ու հետևեն կոնկրետ դիետայի:
«Մուրացան» պոլիկլինիկայում ընտանեկան բժիշկ Աննա Բալայանը Panorama.am-ի հետ զրույցում նույնպես խորհուրդ տվեց կազմակերպել բեռնաթափման օրեր` ծոմ պահել. «Շաբաթը մեկ անգամ ծոմ պահել, հատկապես այս շրջանում: Ընդհանրապես շատ լավ միջոց է, բոլոր դիետաներից ավելի լավ. մեկ օր ոչինչ չուտել, միայն հեղուկներ օգտագործել: Իսկ օրական անհրաժեշտ է 2 լիտր մաքուր ջուր խմել»:
Նշենք, որ ամանորյա «ուտել-խմելուց» հետո առաջացող հիմնական հիվանդություններ են` լյարդի հետ կապված խնդիրներ, լեղապարկի բորբոքում և այլն: Դրանք հիմնականում գլուխ են բարձրանում յուղոտ սննդի, ալկոհոլի չափից շատ օգտագործումից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան