Կոնգրեսը հաշվառում է իր «պոտենցիալ» ընտրողներին` ավանդները վերադարձնելու խոստումով
«Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, ՀԱԿ-ի Սիսիանի մասնաճյուղի նախագահ Կամո Սաֆրազյանի անմիջական ղեկավարությամբ Սիսիանի ենթամարզի բնակչության շրջանում տարածվում են լուրեր առ այն, որ ՀԱԿ-ը իրականացնում է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդատուների հաշվառում՝ հետագայում ավանդները վերադարձնելու նպատակով»,- գրում է «Հայոց աշխարհը»:
Ենթամարզի բնակիչներից նրանք, ովքեր հավատում են տարածվող տեղեկություններին, խնայբանկի գրքույկներով դիմում են ՀԱԿ-ի Սիսիանի Նժդեհի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող գրասենյակ, որտեղ, այսպես ասած, հաշվառում են անցնում:
…Հաշվառումն ավարտելուց հետո, ըստ թերթի, կոնգրեսի ակտիվիստները ավանդատուին պարզաբանում են, որ ավանդների փոխհատուցումը կիրականացվի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն, եւ ՀԱԿ-ը կգա իշխանության: Միաժամանակ ՀԱԿ-ի գրասենյակը խոստանում եւ երաշխավորում է, որ ավանդները կփոխհատուցվեն 1000 ռուբլու դիմաց 200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով:… «Ավանդների գայթակղիչ ու կենսական թեմայի շրջանակներում կոնգրեսը որոշել է հաշվառել իր «պոտենցիալ» ընտրողներին` խորհրդարանական ընտրություններում ցանկալի թվով քվեներ չհավաքելու դեպքում վայնասուն բարձրացնելու հստակ նպատակադրումով»,- հավելում է թերթը: