«Ես եմ». Սահմանից այս կողմ թշնամի չունես
«Հայերը սկսել են լավ կինո նկարել»… Սա առաջինն էր, ինչ լսվեց, երբ կինոդահլիճում լռեցին ծափերն ու մութը նահանջեց` լուսավորելով ժամուկես մթության մեջ բանակային օրերը հիշող երիտասարդներին ու նաև նրանց, ովքեր երբեք բանակում չեն եղել ու չեն լինի` ինձ պես: Սակայն դա ամենևին էլ չխանգարեց իսկապես լավ ու բարի ֆիլմից հաճույք ստանալ:
Նախքան ֆիլմը դիտելը փոքր-ինչ մտահոգություն ունեի, քանզի հայկական բանակում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, մեղմ ասած, չէին տրամադրում, որպեսզի այդ թեմայով ֆիլմ դիտեմ:
«Ես եմ» գեղարվեստական ֆիլմի մեխը ամբողջովին այլ էր. թեկուզև փոքր-ինչ իդեալականացված, բայց հանդիսատեսին ներկայացվեցին բանակային կյանքի լավ ու դրական կողմերը, զինվորների առօրյան ու փոխհարաբերությունները միմյանց ու հրամանատարական անձնակազմի հետ: Ցույց տրվեց հետևյալը.այդ երկու տարիները ստիպում են հասկանալ ամենակարևորը` սահմանից այս կողմ դու թշնամի չունես...և ինչու ոչ` բանակում էլ հնարավոր է սեր գտնել:
Մի խոսքով` եթե ֆիլմի նպատակը երիտասարդներին քարոզելն է, որ իրականում այդ երկու տարիներից վախենալ պետք չէ ու ամեն ինչ այնքան էլ սարսափազդու չէ, ինչպես որ հասարակության տրամադրվածությունն է բանակի հանդեպ, ապա ֆիլմը հաջողվել է:
32 production-ի և Գոյակ մշակութային կենտրոնի կողմից հանդիսատեսի դատին հանձնված ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ հունվարի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում նվիրված է ՀՀ Բանակի 20-ամյակին:
Ռեժիսորը Վահագն Գրիգորյանն է, պրոդյուսերները` Կարեն Բաբաջանյանն ու Արմեն Մազմանյանը, ու թերևս հենց այս հավաքականով է բացատրվում այն, որ լրջագույն թեմայի ներկայացումը համեմված է հաջողված հումորով:
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ֆիլմը դիտողը ուղղակի պարուրվի բանակային կյանքի ոգով: Սցենարական ողջ աշխատանքը համաձայնեցրել ենք բանակին մոտ կանգնած անձանց հետ, հատկապես տերմինաբանության առումով, ու հաճելի է լսել, որ ֆիլմը հաջողվել է»,-Panorama.am –ի հետ զրույցում նշեց պրոդյուսեր, ինչպես նաև համասցենարիստ Կ.Բաբաջանյանը:
Ի դեպ, որքան էլ զարմանալի է, բայց ոչ միայն ֆիլմի սցենարիստ հանդես եկած ու ԶՈՒ առօրյան այդքան դիպուկ ներկայացրած, ինչպես նաև մայորի դերը մարմնավորած Կ.Բաբաջանյանը բանակում չի ծառայել: Պարզաբանեց`նրան արգելել են զինվորական ծառայություն անցնել, սակայն ընկերների պատմածներով, ինչպես նաև պիոներական ճամբարներում բազում ամառներ անցկացնելու արդյունքում բանակային թեման ավելի քան հասկանալի ու ընկալելի է իր համար:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք` արդյո՞ք չի վախենում, որ քննադատության տեղիք կտան այն իմաստով, որ ֆիլմը փոքր-ինչ իդեալական է ներկայացնում, ասենք, հրամանատարական կազմի ու զինվորների փոխհարաբերությունները և այլ բանակային նյուանսները, որոնք առկա են ֆիլմում.
«Քանի որ ֆիլմը նվիրված է բանակի 20-ամյակին, ապա ի սկզբանե մեր նպատակը չի եղել ինչ-որ բացասական երանգներով ներկայացնելը…ավելին` ես չեմ կարծում, թե այն, ինչ ներկայացրել ենք այդքան էլ հեռու է իրականությունից: Ու հենց այդ ավելի էր բարդացնում նաև ստեղծագործական խմբի աշխատանքները, քանի որ եթե ֆիլմում չկա արյուն, պատերազմ ու ֆիլմը, ի վերջո, «էքշն» ժանրից դուրս է, ապա գեղարվեստական ազդեցության առումով ֆիլմը դժվարանում է: Դրա համար շեշտը դրեցինք գեղեցիկ սիրավեպի վրա` պահելով ամենակարևորը` զինվորական շունչը»,- ներկայացրեց «Ես եմ» ֆիլմի պրոդյուսերը:
Դեռևս ֆիլմը զորամասերում չի ցուցադրվել. դա, ինչպես նաև հնարավոր մրցույթների «Ես եմ»-ի ներկայացումը առջևում են: Ի վերջո, որքան էլ ֆիլմը կոմերցիոն չէ, ինչպես նշում է Կ.Բաբաջանյանը, բայց հայկական կինոյի գերաստղ Սոս Սարգսյանի մասնակցությունը, նժդեհյան գաղափարախոսությունը և մնացած արժեքները, որ դրված են ֆիլմի հիմքում, հնարավորություն են ընձեռում այն ժամանցային ոճում նկարահանված ֆիլմերի շարքից առանձնացնել: Առավել ևս, որ ստեղծագործական խմբի անդամները դժվարանում են որակել, թե ի վերջո որ ժանրում է իրենց ստեղծածը տեղավորվում:
«Ցավոք, հասարակության մոտ վերջին շրջանում այնպիսի տպավորություն է ձևավորվել, որ բանակում ամեն ինչ շատ վատ է, լարված իրավիճակ է: Հասկանում եմ` դա բացատրվում է վերջին ողբերգական դեպքերով… բայց ֆիլմի վրա աշխատելու ժամանակահատվածում, երբ խորհրդակցում էինք հին ծառայածների հետ, մեկ անգամ չէ, որ լսել ենք նրանց հիացմունքը կամ գուցե նախանձը, նրանք պնդում էին, որ հիմա շատ բան է փոխվել, իրենց ժամանակ ամեն ինչ ավելի խիստ էր դրված և այլն: Իսկ սրանից էլ կարելի է, կարծում եմ, հետևություն անել, որ բանակի թեման պարզապես շատ է արծարծվում, բայց ոչ միշտ իրական լույսի ներքո»,- շարունակեց Կ.Բաբաջանյանը:
Նրանք, ովքեր ծառայել են հատկապես Նոյեմբերյանի զորամասում, երկար օրեր ու գիշերներ են անցկացրել դիրքերում ու հարակից անտառներում հոգեհարազատ շատ բան կգտնեն «Ես եմ»-ում. լավ էմոցիաներն ապահովված են:
Նշենք, որ ֆիլմի մտահղացումը թեև պատկանում է տղաներին` Արմեն Մազմանյանի գլխավորությամբ, բայց Պաշտպանության նախարարությունը ևս անմասն չի մնացել գործընթացից` անմիջապես հավանություն տալով դրա կյանքի կոչմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում